Մոտ երկու շաբաթ է, ինչ լրատվական տարբեր ձևաչափերով ակտիվորեն քննարկվում է հայաստանյան դպրոցներում օտար լեզուների ու հատկապես ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգերի վերաբերյալ թեմաները: Այս մասին գրում է PAST.am-ը:
Հարցի շուրջ հասարակության արձագանքը խիստ բացասական է:
Թեև կառավարության ներկայացուցիչներն, ի դեմս վարչապետի, փորձում են ամեն ձևով լղոզել, ու որքան հնարավոր է շուտ փակել թեման, բայց, այնուամենայնիվ, լրագրողական հստակ հարցադրումներից խուսափելն անհնարին եղավ: Օրակարգային թեմայի շուրջ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով խնդրի վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ էր անում, ասուլիս հրավիրեց, ու բավական անվստահ ու վախվորած հայտարարեց, թե Կարեն Կարապետյանը որևէ առնչություն չունի հայեցակարգի մշակման հետ:
Ինչ վերաբերում է Կարապետյանին, ապա չենք կարող չնկատել նրա՝ «моя хата с краю» պահվածքը: Եռաբլուրում Կարապետյանը կեսբերան հայտարարեց, թե ռուսաց լեզվի հայեցակարգի վերաբերյալ հանձնարարական չի տվել: Այս ամենը դեռ քիչ էր՝ հայտարարությամբ հանդես եկավ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով բավական մեծ ոգևորությամբ հայտարարեց, թե հայեցակարգի հանձնարարականը եղել է ոչ թե Կարապետյանի, այլ Հովիկ Աբրահամյանի ժամանակ:
Ինչևէ, Past.am–ին հաջողվեց կապ հաստատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Քննարկման թեմայի շուրջ Հ. Աբրահամյանը նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ նման հայեցակարգի մշակման հանձնարարական չի եղել, հետևաբար, այն իր նախաձեռնությունը չէ:
Ինչպես տեսնում ենք՝ կծիկը գնալով ավելի է խճճվում: Հասարակության հետաքրքրությունը սպառելու և, ի վերջո, հասկանալու, թե որտեղից Անահիտ Բախշյանին փաստեր, որ հենց Աբրահամյանի ժամանակ է մշակվել հայեցակարգը, կապվեցինք նրա հետ ևս, ով, սակայն, վստահեցրեց, որ չունի հիմքեր ու հիմնավորումներ՝ օրերս իր կողմից արված հայտարարության հետ կապված: «Ես չունեմ փաստեր կամ ապացույցներ, որ հայեցակարգը մշակվել է Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ: Պարզապես հիմնվել եմ ԿԳ նախարարի խոսքի վրա, ով ասել էր, որ դա չի եղել գործող վարչապետի հանձնարարականը: Այստեղից արել եմ հետևություն, որ դա եղել է նախկին վարչապետի հանձնարարականը»:
Եվ հենց այստեղ է, որ զավեշտը հասնում է իր կուլմինացիոն կետին: Փաստորեն դուրս է գալիս, որ կոալիցիոն դաշնակիցները, «ապրելով» մեկ տանիքի տակ, «շուն ու կատու» են խաղում ու չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, և սա դեռ քիչ չէ՝ սեփական անհաջողությունները փորձում են բարդել ոչ ավել, ոչ պակաս, նախկին ղեկավարների վրա:
Ինչ վերաբերում է Բախշյանին, նա, իհարկե, հարգանքի արժանի վաստակ ունի, բայց քաղաքական հայտարարությունների մակարդակում թերանում է: Մյուս կողմից նախարարի ու վարչապետի ստեղծած թնջուկն այնպես է մոլորեցրել բոլորին, որ ոչ միայն տիկին Բախշյանը, այլ ցանկացած ոք կարող է մոլորվել: Հետաքրքրական է մեկ այլ բան: Երբ խոսվում է, օրինակ, ՌԴ քաղաքացիների կողմից ներքին անձնագրերով Հայաստան գալու և դրա շնորհիվ Հայաստանում զբոսաշրջության աճ գրանցելու մասին, Աբրահամյանի անունը մոռանում են: Երբ խոսվում է Հայաստան–Իրան հարաբերությունների՝ մասնավորապես տարանցիկ գազի մասին, Աբրահամյանի անունը մոռանում են, բայց երբ չեն գտնում՝ ի վերջո ով է տվել հանձնարարականը, հանկարծ հիշում են նախկին վարչապետին:
Հանրապետական ու դաշնակցական կոալիցիոն գործընկերները, թերևս լավ կանեն կողմնորոշվեն, թե ի վերջո ով է հանձնարարականի հեղինակը, այլապես իրարամերժ հայտարարությունների շղթան մոլորեցնում է մարդկանց: Չստացվի այնպես, որ հանկարծ պարզվի, որ ռուսաց լեզվի հայեցակարգի հեղինակն, ասենք, Վարդան Մամիկոնյանն է եղել:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34