Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է ավելի քան 1,2 մլն դրամ
19.12.17 | 13:48
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից դեկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 22 իրավախախտում, 10-իվերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 685 000 դրամի չափով վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1 280 150 ՀՀ դրամ:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 10 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 125 000 դրամի տուգանք, հաշվարկվել 1 254 300 ՀՀ դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 4 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180 000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել` 8 000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 6 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180 000 դրամի չափով վարչական տուգանք:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 940 370 դրամ: