Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ մարիխուանայի օգտագործումը երկրում գիտահետազոտական և բժշկական նպատակներով կարող է օրինականացվել մոտ ժամանակներս: Այս մասին հայտնում է TASS-ը:
Այս որոշումն ընդունվել է ազգային մակարդակով այդ հարցով դեբատների շարքի արդյունքներով: Նախագահի ստորագրած՝ առողջապահության մասին օրենքի և քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների փոփոխությունների նախագիծը մոտ ժամանակներս կուղարկվի խորհրդարան:
«Այդ նախաձեռնության ընդունումը հնարավորություն կտա թույլ տալ մարիխուանայի և դրա բաղադրիչների հիմքով դեղերի օգտագործումը»,- ասել է Նյետոն:
Նա նշել է, որ նման դեղամիջոցները կարելի կլինի ներկրել, բայց դրանք կանցնեն խիստ հսկողություն: Նյետոն նաև առաջարկել է ավելացնել պահման և անձնական գործածության համար հասանելի մարիխուանայի քանակությունը մինչև 28 գրամ, ինչը համապատասխանում է միջազգային չափանիշներին:
«Մարիխուանայի գործածությունը կհանվի քրեական պատասխանատվությունից»,- նշել է Մեքսիկայի նախագահը:

