«Հայաստանում հույսի արթնացման փաստը շատ կարեւոր է». Freedom House
03.05.18 | 22:55
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենթը «Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հուսադրող է որակել:
«Մենք ապրում ենք բավականին բեւեռացված աշխարհում, որտեղ ժամանակին հնարավոր էր տարբեր երկրների համար վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Օրինակ՝ բարեկամական հարաբերություններ ունենալ միաժամանակ թե՛ Արեւմուտքի հետ, թե՛ Ռուսաստանի: Չափազանց կարեւոր է, որ սա կրկին հնարավոր դառնա, քան որ ներկայումս թե՛ միաջազգային, թե տեղական օրինակներով, բոլորը ֆիքսված են աշխարհաքաղաքական տարաձայնությունների վրա, որը, ըստ իս, առողջ մոտեցում չէ»,- ասել է նա:
Բեհրենթը հույս է հայտնել, որ Հայաստանին, որը անվտանգության նկատառումներից ելնելով սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, կհաջողվի այդ իրականացնել: «Նկատի ունեմ, եթե Հայաստանում նոր իշխանություն ձեւավորվի, այն թեեւ լինելով ռուսաստանամետ, կարող է հնարավորություն ունենալ ավելի ժողովրդավարական ճանապարհով նաեւ կառուցողական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ, ինչը, ըստ իս կարելի կլինի առողջ որակել: Նաեւ աշխարհաքաղաքական առումով կարեւոր է, որ գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Ռուսաստանը, օրինակ, տան իրենց համաձայնությունը այս տիպի երկրներին նման արտաքին քաղաքականություն վարելու: Շատ վաղ է համակարգային բարեփոխումների մասին գնահատականներ տալ, բայց Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականը եւ իշխանությունից հեռանալը իրականում, անհերքելիորեն, նշանակալի փաստ է»,- նշել է նա:
«Սա հույս է հաղորդում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարեփոխումներ տեսնել: Հույսի արթնացման զգացողությունը չափազանց կարեւոր է՝ հաշվի առնելով մասնավորապես հետխորհրդային տարածքի ավելի ավտորիտար երկրներում առկա հուսալքվածությունը: Հայաստանում հույսի արթնացման փաստը, շատ կարեւոր է», - ասել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենթը Ամերիկայի Ձայնի հետ ունեցած զրույցում: