Economist. Ավելի շատ տոնակատարություն, քան հեղափոխություն
04.05.18 | 11:47
Economist պարբերականն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին իր՝ «Հայաստանի հեղափոխությունը շարունակվում է՝ մինչ նրա ընդդիմադիր առաջնորդը մոտենում է իշխանությանը» վերնագրով:
Economist-ը գրում է, որ Հայաստանի իրադարձություններն ավելի շատ նման են տոնակատարության, քան հեղափոխության: Անվադողեր այրելու, բարիկադներ կառուցելու փոխարեն երիտասարդներն իրենց փաթաթում են Հայաստանի դրոշով, պարում են փողոցներում ու փակում ճանապարհները՝ խաղալով վոլեյբոլ կամ ուղղակի նստելով գորգերի վրա:
«Համընդհանուր գործադուլի առավոտյան 5 տարեկան տղան հայկական դրոշով խաղալիք մեքենա էր վարում դատարկ փողոցում: Երեկոյան ուսանողներով բեռնված հսկայական շինարարական բեռնատարները պտտվում էին Երևանով»,-գրել է Economist-ը:
Հոդվածում նշվում է, որ այս փողոցային թատրոնի հետևում ընկած է թավշյա հեղափոխությունը, որն առաջնորդում է հայերի երիտասարդ սերունդն ընդդեմ հին գվարդիայի, ովքեր վերահսկում էին երկիրը 1991թ.-ի անկախությունից ի վեր:
Հաղորդվում է, որ մայիսի 1-ին իշխող կուսակցությունը խորհրդարանում արգելափակեց 3մլն բնակչություն ունեցող նախկին Սովետական պետության 3 շաբաթյա բողոքների ակցիաների առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում: Մայիսի 2-ին իշխող կուսակցությունը հայտնել է, որ կաջակցի նրան հաջորդ շաբաթ կայանալիք ընտրություններում:
«Մրցակիցը խուսափեց յուրաքանչյուր այնպիսի հարցից, ինչպիսիք են գաղափարախոսությունն ու աշխարհաքաղաքականությունը, որը կարող էր բաժանել երկիրն ու հակադրվել Ռուսաստանին: Ի տարբերություն 2003թ.-ին Վրաստանում և 2004-ին ու 2014թ.-ին Ուկրաինայի հեղափոխություններին, ովքեր պայքարում էին Եվրոպային ու ՆԱՏՕ-ին միանալու կարգախոսների ներքո, Փաշինյանը խոսում էր միայն ներքին խնդիրների մասին, ինչպիսիք են կոռուպցիան ու արդարությունը, որոնց հետ յուրաքանչյուրը կարող էր համաձայնել: Նա պոպուլիստական խոստումներ էր տալիս ու պնդում, որ Հայաստանը շարունակելու է Ռուսաստանի հետ անվտանգության պայմանավորվածությունները: Ոչ մի եվրոպական դրոշ չծածանվեց Երևանում ու ոչ մի կարգախոս չհնչեց Հայաստանի եվրոպական ճակատագրի հետ կապված: Սակայն Ռուսաստանի հետ կապված հարցերը բարձրաձայնելու վախը միայն ընդգծեց Ռուսաստանի կարևորությունը: Չնայած Մոսկվան հստակորեն չի վստահում հեղափոխականներին, այն մինչ այժմ որոշել է չմիջամտել Հայաստանում՝ հույս ունենալով, որ ուռճացված ակնկալիքներն ու փողի պակասն իրենց սեփական վնասը կհասցնեն»,-գրում է Economist-ը: