Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը բանտից կոչով դիմել է Հայաստանի հանրությանը։
«Չնայած նրան, որ ես և Նիկոլ Փաշինյանն ունենք գաղափարական և մոտեցումային տարբերություններ կապված Հայաստանի արտաքին ուղղվածության հետ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում՝ չհավակնելով դիմել ողջ ժողովրդին, դիմել իմ բոլոր համախոհներին և բոլորին, ովքեր կցանկանան լսել իմ խոսքը։Հարգելի՛ քաղաքացիներ, դիմում եմ ձե՛զ, բոլորի՛դ, ձեզանից յուրաքանչյուրի՛ն։ Դադարեցնե՛լ անհնազանդության բոլոր այն միջոցառումները, որոնք սպառնում են երկրի ներքին կայունությանը։
Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր երկրում կուտակված են բազմաթիվ չլուծված խնդիրներ , որի հետևանքով էլ տեղի ունեցավ և հաղթանակեց համաժողովրդական շարժումը։ Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կուտակված խնդիրների լուծման քայլերը տեսանելի դարձնել ժողովրդին։ Կուզեի նաև զգուշացնել երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին։ Երկրի ներքին անկայունությունից ցանկանալու է օգտվել ոչ միայն ՀՀ արտաքին թշնամին, այլև Հայաստանի ոխերիմ դաշնակիցը։
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ զարգանալու են հայ-ռուսական հարաբերությունները, միևնույն է, Կրեմլը փորձելու է հարկադրական երկընտրնաքի առջև կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին՝ ստիպելով նրան կա՛մ ոստիկանական միջոցներով պաշտպանել ներքին կայունությունը, կորցնելով հեղինակությունը սեփական ժողովրդի մոտ, կա՛մ դիմել հրաժարականի։ Երկու տարբերակն էլ ձեռնտու է Կրեմլին։ Այս տարբերակներից ոչ մեկը ոչ միայն ձեռնտու չէ Հայաստանին, այլև դա կլինի ամենարագ ճանապարհը Հայստանի կործանման։ Հայ ժողովրդը պետք է կարողանա պաշտպանել սեփական նվաճումները։ Սա է գլխավորը այսօր։
Շանթ Հարությունյան, Վարդաշեն ՔԿՀ․ 17 Մայիսի 2018թ․