Ես ցանկություն չեմ ունեցել որեւէ պատգամավորի վիրավորել: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով իր նախկինում արած հայտարարությանը, թե եթե որեւէ օլիգարխ, պաշտոնյա կամ պատգամավոր կփորձի խանգարել ոստիկանի աշխատանքը, ինքը կանգնած կլինի նրանց կողքին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր Ֆելիքս Ցոլակյանը դիմելով Օսիպյանին ասաց. «Դուք ասացիք, որ, եթե կլինեն օլիգարխներ, չգիտեմ թե ով, նաեւ պատգամավորներ, եթե այնպիսի բան կլինի, որ նրանք ձեզ կխանգարեն՝ ես ձեր կողքը կանգնած եմ:
Պատգամավոր ասելով՝ ի՞նչ նկատի ունեիք, եթե կոնկրետ մարդկանց նկատի ունեիք, ապա հասկանալի է: Ասացիք օրենքը դուք եք, այսինքն պատգամավորն օրենք չի՞»:
Ի պատասխան Վալերի Օսիպյանն ասաց, որ ցանկություն չի ունեցել որեւէ պատգամավորի վիրավորել.
«Տարիների ընթացքում իմ աշխատանքային փորձը ցույց է տվել, որ բազմաթիվ անգամ ՃՈ տեսուչները հայտնվել են այնպիսի վիճակում, երբ ուղեւորի կարգավիճակում հայտնվել է պատգամավորը, եւ տհաճ խոսակցությունների առիթ դարձել, նաեւ, ինչու չէ՝ վիճաբանություն, քաշքշուկ եւ այլն: Կարծում եմ՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչն առաջին հերթին ինքը պետք է հետեւի օրենքին: Օրենքի առջեւ բոլորը հավասար են, եւ սա է եղել իմ ասածի էությունը: Կցանկանայի, որ բոլորն իմանան, որ Հայաստանում անպատժելիության մթնոլորտ չի լինելու: Ես ինքս եմ ականատես եղել, որ պատգամավորները ներկայանում են տեսուչին եւ փորձում կաշկանդել Ճանապարհային ոստիկանությանը»: