ԵՄ-ն հուլիսի սկզբից մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ապրանքների համար
07.06.18 | 21:54
Եվրահանձնաժողովը հուլիսի սկզբին ներկրվող ամերիկյան ապրանքների համար նոր մաքսատուրքեր կսահմանի: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի կայքում, հաղորդում է Reuters գործակալությունը:
Եվրահանձնաժողովը հուսով է անդամ պետությունների հետ համակարգմամբ համապատասխան գործընթացն ավարտին հասցնել մինչև հունիսի վերջը, որպեսզի նոր մաքսատուրքերը սկսվեն կիրառվել հուլիսին:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ քայլերն ամբողջությամբ համապատասխանում են ԱՀԿ կանոններին և թույլ կտան վերականգնել ԵՄ մաքսատուրքերից 64 միլիարդ եվրոյի վնասը:
Առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմի խոսքով՝ «դա հավասարակշիռ և համաչափ պատասխան է ԱՄՆ միակողմանի և անօրինական որոշումներին»:
«Ավելին, ԵՄ արձագանքն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային առևտրի նորմերին: Մենք ցավում ենք, որ Միացյալ Նահանգները մեզ այլ ընտրություն չթողեց՝ ԵՄ շահերը պաշտպանելուց բացի»,- ասել է նա:
Մայիսի վերջին հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը հունիսի 1-ից Եվրոպայից, Կանադայից, Մեքսիկայից և այլ երկրներից ԱՄՆ ներկրվող պողպատի համար 25 տոկոսի չափով և ալյումինի համար 10 տոկոսի չափով մաքսատուրքեր է սահմանում: Հունիսի 1-ին ԵՄ-ն վիճարկել է ԱՄՆ-ի որոշումն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում: