Emirates-ը «վիրտուալ պատուհաններ» է ներկայացրել առաջին դասի ուղևորների համար
10.06.18 | 13:30
Emirates ավիաընկերությունը ներկայացրել է վերջերս ձեռքբերած Boeing 777-300ER ինքնաթիռների առաջին դասի սրահները: Հատկանշական է, որ այնտեղ բացակայում են իլյումինատորները (լուսանցույց):
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ապակիներով իլյումինատորների փոխարեն ուղևորներին առաջարկում են «վիրտուալ պատուհանների» միջոցով նայել երկնքին ու օդանավից դուրս տեղի ունեցողին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իլյումինատորների տեղում կլոր էկրաններ են տեղադրված, որոնց վրա օպտիկական մանրաթելի միջոցով արտապատկերվում են ինքնաթիռի վրա ամրացված տեսախցիկների պատկերները:
Emirates-ի նախագահ Թիմ Քլարկի խոսքով՝ պատկերն այնքան որակյալ է, որ «ամեն ինչ շատ ավելի լավ տեսք ունի, քան սովորական պատուհանից դուրս նայելու դեպքում»:
Նա նաև նշել է, որ ապագայում ավիաընկերությունը պլանավորում է շահագործել ինքնաթիռներ, որոնցում ընդհանրապես կբացակայեն իլյումինատորները:
«Պատկերացրեք. դուք նստում եք ինքնաթիռ, որում դրսից ոչ մի պատուհան չկա: Սակայն երբ ներս եք մտնում, իլյումինատորներ եք տեսնում», - պարզաբանել է նա:
Քլարկի կարծիքով՝ սա թույլ կտա բարելավել օդանավերի նախագծումը:
«Այսպիսի ինքնաթիռի կառուցվածքի մեջ թույլ տեղեր չեն լինի: Ինքնաթիռն ավելի թեթև է դառնում, ավելի առաջ թռչում ու զգալիորեն ավելի քիչ վառելիք ծախսում», - ասել է ավիաընկերության նախագահը: