Այսօր՝ հունիսի 16-ին, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում տեղի է ունեցել Սրբ Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:
«
Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ եկեղեցու օծմանը մասնակցելու համար Երևանից ուղղաթիռով Ճարտար էր ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Նրանց դիմավորել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նորակառույց եկեղեցում մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսոպոս Մարտիրոսյանի ձեռամբ մատուցված սուրբ պատարագին:
Արմատներով ճարտարցի, ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի հիմնական մեկենասությամբ կառուցված Ճարտարի Սրբ Վարդանանք եկեղեցին յուրօրինակ ճարտապետություն ունի: Այն, ըստ բարերարի, հավերաժացնում է արցախյան պատերազմում զոհված բոլոր հայորդիների անմար հիշատակը, և պատահական չէ, որ կրում է սուրբ Վարդան զորավարի անունը:
Բացի եկեղեցու կառուցման մեկենասությունից, բարերարի միջոցներով արդեն հինգ տարի է՝ գործում է նաև «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ը, որի նախաձեռնությամբ Ճարտարում կառուցվել է մանկապարտեզ, կապիտալ վերանորոգվել և վերազինվել են քաղաքի հիվանդանոցը, հանդիսությունների տունը, մարզադպրոցը, սալապատվել են գյուղի փողոցները, ինչպես նաև ավարտման փուլում են սոցիալական ծրագրերով նախատեսված բազմաբնակարանանոց շենքի կառուցման աշխատանքները: Հիմնադրամի միջոցներով մի շարք ծրագրեր են իրականացվել նաև Արցախի այլ համայնքներում: Բարերարի խոսքով՝ ծրագրերն այսքանով չեն սահմանափակվելու:




Պատարագից հետո հանդես գալով ելույթով՝ Վ. Ավագյանը նշել է, որ հայրենիքի շենացման գործում կատարած յուրաքանչյուր ներդրում կարևոր է ոչ միայն ներկայի, այլև ապագայի համար: Նա շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին և ՀՀ վարչապետին միջոցառմանը մասնակցելու համար և որպես երախտագիտության նշան՝ Նիկոլ Փաշինյանին նվիրել է սրբապատկեր և շինարարական գործիք-հուշանվեր՝ մաղթելով, որ նոր պաշտոնում Աստծո օրհնությունը և աշխատանքի եռանդը նրանից երբեք չպակասեն: