Հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը. Էդուարդ Շարմազանով
26.06.18 | 14:15
Հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով
Վաչագան Ղազարյանի ձերբակալմանը։
«Դրա համար կա նախաքննություն, թող նախաքննությունը պարզի։ Ես չեմ ուզում դատավորի ֆունկցիա ինձ վրա վերցնել», - նշեց նա։
Դիտարկմանը, թե արդյոք Վաչագանն իր ընկերն է՝ Շարմազանովը պատասխանեց.
«Չեմ կարող ասել՝ ընկերն է, բայց մտերիմ հարաբերություններ ունենք։ Ես մտերիմ հարաբերություններից երբեք չեմ խուսափել և չեմ խուսափում։ Ի վերջո, նա այն մարդն է, որը ծառայություներ ունի Արցախում հերոսամարտի տարիներին։ Ես չեմ ուզում խոսել անձերից, մենք պետք է խոսենք երևույթներից։ Հենց մենք սկսեցինք կենտրոնանալ անձերի վրա, մենք տանուլ ենք տալու»։
Շարմազանովը հիշեցրեց վարչապետի հայտարարությունը՝ չպիտի լինի վհուկների որս, վենդետաներ և անձերի դեմ պայքար։
«ՀՀ-ում մենք պետք է փակենք անձերի դեմ պայքարի էջը և պետք է պայքարենք վատ երևույթների դեմ և քաղաքական մերժողականությունը, ընտրողաբար արդարադատությունը ՀՀ-ում պետք է բացառվեն։ Ընտրողական արդարադատությունն ամենամեծ վտանագն է, որ կարող է սպառնալ ՀՀ-ին։ Հիշում եք, որ Խաչիկյան Վազգենին ձերբակալեցին, ինքն իմ երեխայի քավորն էր, իմ ուսանողական ընկերը, և ես ասացի, որ ինքն իմ ընկերն է ու մարդկային հարաբերությունները նրա հետ շարունակել եմ, հինգ տարի այցելել եմ նրան՝ ազատազրկման վայր, բայց միևնույն ժամանակ, եթե դատարանը որոշել է, որ նա մեղավոր է, նա պետք է իր արժանի պատիժը կրի։ Անձերն ու երևույթները տարբեր են։ Ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, դրա համար կան իրավապահ մարմիններ», - նշեց նա։