Առավոտյան նախաձեռնության անդամները փորձել են խաթարել հոգևոր կենտրոնի անդորրը. Աղոթում ենք՝ Աստված նրանց լուսավորի իմաստությամբ. Տեր Վահրամ
13.07.18 | 11:47
Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով, իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ :
«Վերստին հիշեցնում ենք հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարություն-որոշումը. «Ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո»։
Դատապարտելով հանդերձ նախաձեռնության այս ընթացքը հույսը չենք կորցնում և աղոթում, որ Աստված, Իր ողորմությանն արժանի անելով, լուսավորի իմաստությամբ` բարին խորհելու, խոսելու և գործելու», - գրել է նա: