Բա ինչո՞ւ բանակը ներքաշողները, այդ թվում՝ Տեր-Պետրոսյանը նստած չեն. Վիկտոր Սողոմոնյան
04.08.18 | 14:23
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի քննության ընթացքում ընտրողական մոտեցում է ցուցաբերվում։
«Այո, 0038 հրամանը ընդգրկված է մեղադրական եզրակացության մեջ և այն բանից, որ այդ տեքստը խրոխտ ձայնով կարդում ես եթերում, դրանից գործի էությունը չի փոխվում, այսինքն՝ ՀՔԾ-ն պետք է կարողանա ապացուցել անապացուցելին, այսինքն՝ պետք է ապացուցի, որ փետրվարի 23-ին կանխատեսվել է, որ մարտի 1 է լինելու», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սողոմոնյանը։
Անդրադառնալով Քոչարյանին կալանավորելու փաստին՝ Սողոմոնյանը մի քանի հարց բարձրացրեց. «Բա գործի մյուս մասնակիցները ինչո՞ւ նստած չեն, էդ բանակը ներքաշողները, ովքեր բանակը ներքաշում էին քաղաքականության մեջ, որոնց անունները հայտնի են և տեսագրություն էլ կա, դրանցից մեկը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է, էդ ինքը շրջապատ չունի՞, որ ինքը ազդի այդ շրջապատի վրա։ Այս ինչ ընտրողականություն է»։
Նրա խոսքով՝ և ՀՔԾ պետի, և այս գործով ցանկացած հայտարարություն ապացուցելու է, որ մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործը «ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում է»։
Նա պնդեց, որ որևէ ապացույց, որևէ հիմնավորված փաստարկ չկա, որ Քոչարյանը կապ ունի մարտի 1-ի ժամանակ 10 զոհերի մահվան հետ։
«Չկա այնպիսի փաստ, որ Քոչարյանը անհանգստանա և ասի՝ գիտեք, մի հրապարակեք, դա իմ շահերից չի բխում։ Ամեն ինչ շատ հստակ ու պարզ է։ ՀՔԾ-ի երեկվա հարցազրույցը ու դրանում հնչած հայտարարությունները համարում ենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները արդարացնելու փորձ», - հայտարարեց Սողոմոնյանը։
aysor.am