ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանին գումար տրամադրելու ԵՄ մտադրությամբ
26.08.18 | 12:59
Միացյալ Նահանգների իշխանությունները կարծում են, որ Եվրամիության ղեկավարության հայտարարությունը՝ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու նպատակով Իրանին 20,7 մլն դոլար տրամադրելու մտադրության մասին, «ոչ ճիշտ ժամանակ արված ոչ ճիշտ ուղերձ է», հայտարարել է Իրանի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը։
«Եվրոպացի հարկատուների օգնությունը հնարավորություն է տալիս իրանական ռեժիմին շարունակել անտեսել սեփական ժողովրդի կարիքները», - ասել է նա։
Պաշտոնյան նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է միասին աշխատեն՝ երկարաժամկետ լուծում գտնելու համար, որը «կաջակցեր իրանցի ժողովրդին ու վերջ կդներ տարածաշրջանում Իրանի իշխանությունների կողմից անվտանգության սպառնալիքին»։
Օգոստոսի 23-ին Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հավանություն է տվել Իրանին ուղղված օգնության առաջին փաթեթին՝ 18 մլն եվրոյի (մոտ 21 մլն դոլար) չափով։
Օգոստոսի 7-ին էլ ԵՄ-ն գործարկել է եվրոպական արգելափակող կանոնակարգը, որն անվավեր է ճանաչում ԵՄ տարածքում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների գործողությունը, արգելում է եվրոպական ընկերություններին նպաստել դրանց իրականացմանը, ինչպես նաև արգելում է օտարերկրյա դատարանների ցանկացած որոշման իրագործում, որը կայացվել է այդ պատժամիջոցների հիման վրա։