Զարիֆ. Թրամփը Սիրիան օգտագործում է ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարի համար
07.09.18 | 21:13
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վերաբերյալ հայտարարություններով լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները: Նման կարծիք է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Թրամփը փորձում է ձուկ որսալ պղտոր ջրում, որպեսզի լուծի ներքաղաքական խնդիրները: ԱՄՆ-ում նրա դիրքը դժվար է կայուն համարել, և նա փորձում է այդ խնդիրը փոխհատուցել Սիրիայի ժողովրդի հաշվին», - Զարիֆի խոսքը մեջբերել է Mehr գործակալությունը:
Նախարարը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահին՝ «մի կողմ քաշվել, որպեսզի աշխատելու հնարավորություն տրվի նրանց, ովքեր Սիրիայում պայքարում են ահաբեկիչների դեմ»:
«Եթե ուրիշները չմիջամտեն, մենք ավելի արագ կլուծենք ծայրահեղականության խնդիրը երկրում», - ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հումանիտար աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, նաև Իրանը և Ռուսաստանը պետք է հրաժարվեն երկրի հյուսիսի Իդլիբի նահանգի ուժային ազատագրումից:
«Նախագահ Բաշար Ասադը չպետք Է անմտորեն գրոհի Իդլիբի վրա», - գրել Է նա իր Twitter-ում: Թրամփն ընդգծել Է.
«Ռուսներն ու իրանցիները հսկայական հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ հնարավոր մարդկային ողբերգությանը: Կարող են զոհվել հարյուրհազարավոր մարդիկ»: «Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա», - նշել է ԱՄՆ-ի նախագահը:
Իդլիբի նահանգը ահաբեկչական խմբավորումների վերջին պատվարն Է Սիրիայում