Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը այսօր Դավթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ վտանգավոր է համարել «մեր դեմ խաղ չկա» բանաձևը:
«Մենք չենք ուզում այս ընտրությունը քաղաքականացնել, որովհետև վթարված վերելակներից, անմխիթար տրանսպորտից օգտվում են և’ հեղափոխականները, և’ հակահեղափոխականները, որովհետև ինձ համար և ԲՀԿ համար չկա իմ երևանցի և չկա մյուսի երևանցի: Ամենավտանգավոր և ամենակործանարար բանը «մեր դեմ խաղ չկա» բանաձևն է, որովհետև չկա և չի եղել այդպիսի քաղաքական ուժ, որը կարողանա երկար մարսել «մեր դեմ խաղ չկա»-ն: Եվ ամբողջ ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք ունի միայն ժողովուրդը: Ես, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, կարող եմ և իրավունք ունեմ խոսելու միայն ժողովրդի մի հատվածի անունից, որը վստահում է ԲՀԿ-ին»,- հայտարարեց քաղաքական գործիչը:
Նրա խոսքով, որևէ քաղաքական ուժ չի կարող ասել, թե կարող է խոսել Հայաստանի ողջ ժողովրդի անունից:
Քաղաքապետի թեկնածուն նաև հայտարարեց, որ որևէ ներդրող երբեք ներդրում չի անի մի երկրում, որտեղ անընդհատ հեղափոխական և հակահեղափոխական են փնտրում, քանի որ «փողը սիրում է կայուն միջավայր, սիրում է վստահելի գործընկերներ»:
«Մենք այս վերջին տարիներին մեկ բանի դեմ ենք պայքարել, պայքարել ենք Հանրապետական կուսակցության մենաշնորհի դեմ, որպեսզի այլևս մեր երկրում որևէ քաղաքական ուժինը չլինի և´ խորհրդարանը, և’ կառավարությունը, և´ Երևանի քաղաքապետարանը: Եվ եթե կա քաղաքական ուժ, որը հիմա կփորձի ձգտել տոտալ վերահսկողության բոլոր իշխանական օղակներում, ուրեմն ես չեմ հավատա այդ քաղաքական ուժի անզվությանը, որ իրենց նպատակը սիրո և համերաշխության հեղափոխությունն էր: Պիտի լինեն տարբեր քաղաքական ուժեր, վերահսկող տարբեր կառույցներում, որպեսզի մենք կարողանանք միմյանց վերահսկել», - շեշտեց նա:
Նշենք, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանն էր հայտարարել, որ իրենց քաղաքական թիմի դեմ խաղ չկա: