Քաղաքագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝ տեղին չի լինի, որ Բելառուսում կազմակերպվող ԵԱՏՄ վարչապետերի հանդիպմանը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի և ԵԱՏՄ անդամ երկրների մակարդակով պարզաբանվեն Բելառուսի և Հայաստանի միջև ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի ունեցող զարգացումները:
Քաղաքագետը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ նոյեմբերի 27-ին Մինսկում սպասվող ԵԱՏՄ վարչապետերի հանդիպմանը, որին ՀՀ պատվիրակությունը ներկայանալու է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ վարչապետերի հանդիպմանը ՀՀ վարչապետի փոխարեն փոխվարչապետի գնալը զուտ կանոնադրական խնդիր է, պայմանավորված չէ նրանով, որ կա խուսափողականություն մինչ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելը Բելառուսի նախագահի հետ հանդիպելու հետ կապված:
Քաղաքագետը պարզաբանեց՝ եթե նախագահական երկրների դեպքում կառավարության ղեկավարները՝ վարչապետերն են իրենց գործառույթներով համապատասխանում նման հանդիպումներին, ապա խորհրդարանական Հայաստանի դեպքում փոխվարչապետն է լիազորված մասնակցելու դրան:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լարվածություն է նկատվում Հայաստան-Բելառուս հարաբերություններում՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետ: Մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ պատմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի պահվածքին, ասել էր, որ ինքը զարմացած է, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: «Ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ», -հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի հարաբերություններում նկատվող լարվածությունը չի բխում ընդհանուր կառույցի շահերից: «Կարող ենք ենթադրել, որ տվյալ լարվածությունը կարող է տեղափոխվել այլ ինտեգրացիոն կառույցներ, մասնավորապես՝ ԵԱՏՄ: Իսկ դա ցանկալի չէ, և քայլեր կձեռնարկվեն, որ այդ լարվածությունը չլինի»,- ասաց նա:
Քաղաքագետը նկատեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների՝ ի դեմս Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերություններում տարաձայնությունները միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությամբ չեն պայմանավորված: «Դա քաղաքական շահերի բախման խնդիր է. հաշվի առնելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի հետ կապված կա իրավական բաց, խնդիրը մեխանիկորեն տեղափոխվեց քաղաքական շահերի բախման տիրույթ: Այստեղ մենք ևս մեկ անգամ ականատես եղանք, որ ՀԱՊԿ-ը կայացման փուլում է: Այստեղ կան ակնհայտ տարբերվող շահեր, և տարբեր երկրներ առիթը բաց չեն թողնում որոշ դեպքերում առաջ տանել նաև երրորդ երկրների շահերը»,- ասաց նա:
Նարեկ Մինասյանի խոսքով՝ իհարկե, այլ ռազմաքաղաքական դաշինքներում էլ անդամ երկրների միջև կա շահերի բախում, բայց ՀԱՊԿ-ի դեպքում խնդիրն այն է, որ անդամ երկիրը փորձում է առաջ մղել ոչ թե սեփականը, այլ առաջ տանել երրորդ երկրի շահերը: «Բելառուսի նախագահն ընդունում է Ադրբեջանի դեսպանին, քննարկում է ՀԱՊԿ-ին առնչվող խնդիրներ, այնուհետ Ալիևն է ընդունում Բելառուսի դեսպանին, հետո երկու երկրների ղեկավարները հանդիպում են միմյանց հետ և հետո ընդունում են համատեղ փաստաթուղթ, որով հռչակում են, որ պատրաստ են միմյանց աջակցել այն կառույցներում, որտեղ նրանցից որևէ մեկը ներկայացված չէ»,- հիշատակեց նա՝ նշելով, որ տեսականորեն հնարավոր է դառնում, որ Բելառուսը կարող է Ադրբեջանի շահերը պաշտպանել նաև ԵԱՏՄ-ում:
Անդամ երկրների նման գործելակերպը, ըստ Նարեկ Մինասյանի, ազդում է կառույցի իմիջի վրա: «Կարծում եմ՝ քայլեր կձեռնարկվեն, որ նույն ԵԱՏՄ-ը չդառնա ևս մեկ հարթակ, որտեղ կդրսևորվեն կառույցի անդամ երկրների հակասությունները»,- ասաց նա:
Հայաստանը, ըստ նրա, պետք է շարունակի վարել կառուցողական քաղաքականություն. պահանջը, որ Հայաստանի ներկայացուցչը մնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, այդ քաղաքականությունն ամրապնդելու կոնտեքստում է արվում:
«Խնդիրը միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը չէ: Սանկտ Պետերբուրգի հանդիպումը կդառնա այն հարթակը, որտեղ Հայաստանը պետք է հստակ հարցադրումներ անի կառույցի որդեգրած սկզբունքների և խաղի կանոնների մասին: ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրված է, որ անդամ երկրները չեն կարողան միանալ այնպիսի կառույցների կամ այնպիսի գործողությունների, որոնք ուղղված են կառույցի այլ անդամ երկրի դեմ: Այսինքն՝ այդ «գործողության» տակ կարելի է մեկնաբանել անգամ զենքի վաճառքը կամ սպառազինությունների առքուվաճառքը: Հայաստանը որևէ նոր բան չի ասում: Պարզապես հարց է բարձրացվում՝ արդյոք մենք պատրաստվու՞մ ենք հետևել այդ կանոններին»,- ասաց նա:
Նարեկ Մինասյանը նաև նշեց, որ կարծում է, որ Մինսկում սպասվող հանդիպմանը ՀԱՊԿ-ում առաջացած տարաձայնությունները չպետք է քննարկվեն, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները հիմնականում դերակատարում ունեն տնտեսական ոլորտում, ռազմավարական խնդիրների քննարկումը ոչ տեղին կլինի: «Այդ խնդիրը պետք է քննարկվի վարչապետի և արտաքին գործերի նախարարությունների մակարդակով խորհրդակցություններում»,- ասաց նա:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03