ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է «168 Ժամ» թերթում հրապարակված այն տեղեկություններին, որ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան, որտեղ կարող են հանդիպել նաև իրենց ծնողների և հարազատների հետ:
«ԶՈւ-երի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն: Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը, նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում: Նման պնդումները ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը և կայացած անհատականություններ լինելու հանգամանքը»,- ասված է Ա. Հովհաննիսյանի պատասխանում: