ԵՄ-ն հստակ միջոցառումներ է ակնկալում` հայ և ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար
19.01.19 | 14:22
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատարի մամուլի քարտուղար, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ
Մայա Կոսյանչիչը հանդես է եկել հայտարարությամբ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջին շփումները, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո երկու երկրների արտգործնախարարների հանդիպումները, որոնցից վերջինը կայացել է Փարիզում՝ 2019 թվականի հունվարի 16-ին, դրական ազդակներ են տալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի համար:
Եվրոպական միությունն ակնկալում է դրանց արդյունքների լիարժեք իրականացումը: Այդ թվում՝ ակնկալվում է նաև բնակչությանը խաղաղության պատրաստելու հստակ միջոցառումների ընդունման, նաև բանակցությունների ակտիվացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին արտաքին քաղաքական գերատեսչությունների վերջին համաձայնության իրականացումը:
Եվրոպական միությունը շարունակում է լիովին աջակցել միջնորդական ջանքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններին, այդ թվում`Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի, նաև քաղաքացիական հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով:
Բոլորը կհաղթեն ամուր խաղաղությունից, որը կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանին իրացնել իր ներուժը», - ասվում է հայտարարության մեջ: