«Մարդու իրավունքների պաշտպանը չունի այն իրավական գործիքները, սա այն կառույցը չէ պարզապես, որպեսզի գնահատական տա՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօր ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ։
Ըստ նրա՝ այլ հարց է, որ մարդու իրավունքների տեսանկյունից յուրաքանչյուր հարց իր ուշադրության կենտրոնում է՝ լինի անմեղության կանխավարկածի, պաշտպանության իրավունքի, ձերբակալվածի իրավունքի հարց, և այլն։
«Մենք պատրաստ ենք այդ ոլորտում նույն կերպ աշխատել»,- ասաց Ա.Թաթոյանը։
Անդրադառնալով սոցիալական ցանցերում այլախոհության անհանդուրժողականությանը՝ ՄԻՊ-ը նշեց, որ դա հիմնարար խնդիր է, և բոլորով միասին պետք է լուծել համերաշխությամբ. «Դա խորանալու դեպքում հանգեցնում է հասարակության պառակտման»։


