Եգիպտոսի ԱԳՆ-ը բողոք է հայտնել Թուրքիային՝ Մուրսիի մահվան մասին Էրդողանի խոսքերի համար
27.09.19 | 18:33
Կահիրեում Թուրքիայի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Եգիպտոսի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Arabiya-ին։
Ինչպես հայտնում է հեռուստակայանը, արաբական հանրապետության արտաքին քաղաքական հաստատությունը բողոք է հայտնել՝ կապված ՄԱԿ ԳԱ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս կատարած հայտարարությունների հետ, որոնցում նա, մասնավորապես, ծայրահեղ քննադատորեն է արտահայտվել նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի մահվան մասին՝ հերթական անգամ դրա պատասխանատվությունը դնելով եգիպտական իշխանությունների վրա։
Այդ խոսքերից անմիջապես հետո Եգիպտոսի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Հաֆեզը թուրքական առաջնորդին մեղադրել է ստախոսության մեջ եւ կոչ է արել համաշխարհային հանրությանը նրան պատասխանատվության ենթարկել Սիրիայում եւ մի շարք այլ երկրներում ահաբեկչությանն աջակցելու համար։ Նա նաեւ Էրդողանին մեղադրել է իր երկրում բռնաճնշումների մեջ եւ ասել է, թե նա նման հայտարարություններով փորձում է ուշադրությունը շեղել երկրի ներսում եւ միջազգային ասպարեզում իր անհաջողություններից։
Մուրսիի մահը եւ Էրդողանի մեղադրանքները
Եգիպտոսի նախկին նախագահ, իսլամիստների հովանավորյալ Մուհամեդ Մուրսին հանկարծամահ էր եղել հունիսի 17-ին լրտեսության գործով դատական նիստի ժամանակ, որտեղ նա անցնում էր որպես մեղադրյալ։ Եգիպտական պետական հեռուստատեսության տվյալներով, մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։
Դեռեւս այն ժամանակ Էրդողանը եգիպտական իշխանություններին մեղադրել էր նախկին քաղաքական գործչի կանխամտածված սպանության մեջ եւ ՄԱԿ-ին կոչ էր արել հետաքննել նրա մահվան հանգամանքները։ Էրդողանը խոստացել էր անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի ԵԱՀ իշխանությունները պատասխան տան միջազգային դատարանում, ներգրավել այդ հարցում Իսլամական համագործակցության կազմակերպությանը եւ հարցը բարձրացնել G20-ի առաջիկա գագաթաժողովում։
Էրդողանը Մուրսիի մահը համեմատել էր սաուդյան հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ եւ հայտարարել էր, որ ինչպես այն դեպքում, այժմ էլ Անկարան բոլոր ջանքերը կգործադրի Եգիպտոսի նախկին ղեկավարի մահվան գործը հետաքննելու համար։
Եգիպտոսի եւ Թուրքիայի հարաբերությունները
Անկարայի եւ Կահիրեի հարաբերությունները ծայրահեղ լարված են 2013թ․ Աբդել Ֆաթահ աս Սիսիի գլխավորությամբ բանակի կողմից նախագահ Մուրսիի տապալման պահից։ Էրդողանն այն ժամանակ համաշխարհային քաղաքական այն փոքրաթիվ առաջնորդներից էր, որը Եգիպտոսի իրադարձություններն անվանեց «պետական հեղաշրջում»։