Այսօր հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները
08.10.19 | 23:23
Այսօր հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները, գրում է meduza.io-ն:
Մրցանակակիր են դարձել Ջեյմս Փիբլսը, Միշել Մայորը և Դիդյե Քելոն: Մրցանակի «կեսը» հանձնվել է Փիբլսին՝ «տիեզերագիտության տեսական հետազոտությունների համար», երկրորդ «կեսը»՝ Մայորին և Քելոյին՝ «արևանման աստղի ուղեծրում էկզոմոլորակի բացահայտման համար»:
Հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմում հայտնել էին բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Ուիլյամ Քելինը, Փիթեր Ռեթքլիֆը և Գրեգ Սեմենցան՝ թթվածնի անբավարարությանը բջիջների ադապտացման վերաբերյալ հետազոտության համար:
Հոկտեմբերի 9-ին հայտնի կդառնա քիմիայի ոլորտում հաղթողի անունը:
Հոկտեմբերի 10-ին, մեկ տարվա ընդմիջումից հետո, հայտնի կդառնան գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները:
Հոկտեմբերի 11-ին նախատեսված է հայտարարել խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը:
Հոկտեմբերի 14-ին կհայտարարեն Շվեդական ազգային բանկի՝ տնտեսական գիտությունների համար տրվող մրցանակի հաղթողի անունը:
Հիշեցնենք, որ Նոբելյան հանձնաժողովը հայտարարել էր, որ 2018թ. չի հանձնի գրականության ոլորտում նոբելյան մրցանակը՝ թեկնածուների ընտրության համար պատասխանատու Շվեդական ակադեմիայում սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի պատճառով:
75 տարվա ընթացքում առաջին անգամ ժյուրին չի հանձնել աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակը, բայց փոխարենը 2019թ. երկու հաղթողի անուն կհայտարարի:
Հայտնի է, որ սկանդալի կիզակետում էր հայտնվել ֆրանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոն, որը մեղադրվում էր 18 կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնության իրականացման համար: Առնոն ակադեմիայի անդամ Կատարինե Ֆրոստենսոնի ամուսինն է: Բացի այդ, Ժան-Կլոդ Առնոն մեղադրվել է նաև յոթ նոբելյան մրցանակակրի անունների արտահոսքի համար:
Նշվում է, որ լուսանկարչի գործողություններից տուժածներից 5-ը դիմել է ոստիկանություն: Ի նշան բողոքի՝ ակադեմիայից հեռացել է մի քանի անդամ և մշտական քարտուղար Սառա Դանիուսը: