Ռուս ուղղափառ եկեղեցու՝ ընտանիքի հարցերով Պատրիարքական հանձնաժողովն ընտանիքների համար առաջարկներ է հրապարակել, որոնցով ռուսներին խորհուրդ է տալիս հնարավորինս շատ երեխաներ ունենալ եւ, դրա հետ մեկտեղ, հաշտվել աղքատության հետ:
Առաջարկների հեղինակ Օրեխովո-Զուեւսկի եպիսկոպոս Պանտելեիմոնը կանանց խնդրում է ոչ թե մեկ-երկու, այլ ավելի շատ երեխա ունենալ: Դրա հետ մեկտեղ հոգեւորականը խոստովանում է, որ «Ռուսաստանում բազմազավակ ընտանիքը դատապարտված է համալրելու բնակչության չքավորների շարքերը»:
«Հետեւաբար դուք արդեն հիմա պետք է վարժվեք ապրել ունեցած միջոցների հաշվին: Ջանաք տնտեսող լինել, սովորեք փողն աջ-ձախ չծախսելուն: Հայտնի չէ՝ լավ կվարձատրվի ձեր ամուսնու աշխատանքը: Չէ՞ որ դուք ամուսնանալու եք սիրով, այլ ոչ հաշվարկով: Եթե նրա աշխատավարձը ցածր լինի կամ նա կորցնի աշխատանքը, ստիպված կլինեք աղքատության մեջ ապրել, ուստի ավելի լավ է նախապես դրան պատրաստվել»,- «Ռոսբալտ»-ի փոխանցմամբ՝ նշել է Պանտելեիմոնը:
Եպիսկոպոսը բազմազավակ ընտանիքներին խորհուրդ է տալիս նախապես պատրաստվել նեղվածքի պայմաններում ապրելուն: «Երեխաների հետ փոքր բնակարանը շատ դժվար է հավաքած պահել: Այդ պատճառով լավ կլինի նախապես սովորել ավելորդ իրերից հրաժարվելուն»,- նշված է եկեղեցու առաջարկներում:

