Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նախագահական ապարատում լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայի վերջին զարգացումներն ու ահաբեկչության դեմ պայքարը:
Շեշտը դրվել է Հալեպին մարդասիրական օգնություն հասցնելուն ուղղված ջանքերի արագացման վրա: Էրդողանը Պուտինին իրազեկել է «Եփրատի վահան» գործողության մանրամասների մասին՝ կարևորելով ահաբեկչական խմբավորումներից և, մասնավորապես, ԴԱԻՇ-ից անվտանգության գոտու ստեղծումը:
Պուտինն ու Էրդողանը համաձայնվել են երկկողմ հանդիպում ունենալ Չինաստանում կայանալիք G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

