Հուլիսի 6-ին մեկնարկել է եռօրյա առցանց գիտաժողով՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200- ամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։ Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Արժևորել Ղևոնդ Ալիշանի հիշատակը նշանակում է հետադարձ հայացք նետել մեր ժողովրդի անցած պատմական ուղուն, ստեղծած մշակութային անանց արժեքներին և գրականությանը, ինչպես նաև այդ ամենի ուսումնասիրման գործում արժևորել Մխիթարյան միաբանության դերը, որովհետև ինչպես իրավացիորեն նշվել է տարբեր հետազոտողների կողմից, Ալիշանը դարձավ Մխիթարյան հայագիտության և Մխիթարյանների ստեղծած ողջ գրականության հանրագումարը: Ուրախությամբ պետք է նշել, որ գիտաժողովն այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր նիստ ներկայացնում է Ալիշանի գիտական ժառանգության մի բնագավառը՝ պատմագիտություն, պատմական աշխարհագրություն, գրականագիտություն, գրականություն և արվեստ: Բաժանմունքներից յուրաքանչյուրն իր հերթին ներառում է տվյալ բնագավառին վերաբերող այն հարցերը, որոնց անդրադարձել է Ալիշանը: Գիտաժողովն առավել ցայտուն վեր կհանի հայ գրականության և հայագիտության զարգացման գործում Ալիշանի ունեցած դերը, կընդգծվի այն ներդաշնակ միասնությունը, որ կար Ալիշան գրողի, գիտնականի և հայրենասերի միջև, որը պայմանավորեց նրա անանց հմայքը»,- իր ելույթում, մասնավորապես, ասել է Ռադիկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ Ալիշանի հոբելյանին նվիրված այս գիտաժողովը նոր սկիզբ կդառնա Հայոց Նահապետի գիտագրական ժառանգության ուսումնասիրության գործում: Ողջույնի ելույթներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Տ. Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար բանասիրական գիտությունների դոկտոր Պետրոս Դեմիրճյանը: Այնուհետև տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության հայրերից Վահան վարդապետ Օհանյանի՝ Ղևոնդ Ալիշանի նամակագրական ժառանգությունն ամփոփող ժողովածուի էլեկտրոնային տարբերակի շնորհանդես-ներկայացումը: Ցուցադրվել է Ղևոնդ Ալիշանին նվիրված վավերագրական ֆիլմ, որը պատրաստվել է Վենետիկում: Եռօրյա գիտաժողովին մասնակցում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԲՈՒՀ-երի, Մխիթարյան միաբանության, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշատողներ, վարդապետներ: Գիտաժողովի թեմատիկ նիստներում նրանք հանդես կգան շուրջ 60 գիտական զեկուցումներով՝ ներկայացնելով Ղևոնդ Ալիշանի գիտագրական ժառանգությունը: Կվերլուծվեն Ալիշանի ստեղծագործությունները, կներկայացվի, թե ինչպես է Հայոց Նահապետի կերպարն արտացոլվել հայ գրականության և արվեստի մեջ: Մեծ թիվ են կազմում Ալիշանի դեռևս անտիպ աշխատանքները, որոնց մասին տեղեկություններ կտրվեն գիտաժողովի ընթացքում և կներկայացվեն դրանց հրատարակության հետ կապված հարցերը։ Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը (Մատենադարան): Ղևոնդ Ալիշանը (Քերովբէ Պետրոս–Մարգարի Ալիշանեան) ծնվել է 1820թ. հուլիսի 6-ին Կոստնանդնուպոլսում՝ դրամագետ–հնագետի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը տեղի Չալըխյան վարժարանում ստանալուց (1830-1832թթ.) հետո ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների դպրոցում (1832-1841թթ.)։ Հետագայում աշխատել է Ռափայելյան վարժարանում որպես ուսուցիչ (1841-1850թթ., ապա՝ 1866-1872թթ.), տեսուչ (1848-ից), «Բազմավեպ»-ի խմբագիր (1849-1851թթ.), ուսուցիչ Փարիզի Մուրատյան վարժարանում (1859-1861)։ 1872թ-ից ամբողջովին նվիրվել է գիտական գործունեության։ Եղել է Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886թ.), Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, անդամակցել է իտալական և ռուսական գիտական ընկերությունների։ Իր գիտական հսկայական ժառանգությամբ Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։ Ղևոնդ Ալիշանը մահացել է 1901 թվականի նոյեմբերի 9–ին և թաղվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01