ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արծվաբերդ բնակավայրում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի 30-ամյա բնակչի՝ կտրած-ծակած վնասվածքներ ստանալու մասին հաղորդումը ստացվել է 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 01:50-ին, «Բերդ» բժշկական կենտրոնից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը
Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը վնասվածքները ստացել է համագյուղացի երիտասարդների հետ վիճաբանության ընթացքում:
Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 2-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արծվաբերդ բնակավայրի բնակիչներ, հասակակից երիտասարդները խանութ-սրահի մոտ չնչին շարժառիթով վիճաբանել են 30-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել վերջինիս, իսկ նրանցից մեկն իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: 30-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Արծվաբերդի երկու բնակիչները ձերբակալվել են և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունքներ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառոմներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: