Հոգատատարություն, որակ և նոր մոտեցումներ․ «Երեմյան» ընկերությունների խմբի համար տարին հոբելյանական է, և լրանում է նրանց գործունեության 20-ամյակը։ Մարդ, որակ և նորարարություն․ այս երեք արժեքները գործունեության հիմքում դնելով՝ ընկերությունը սպասարկման եւ սննդամթերքի արտադրության ոլորտում սահմանեց նոր նշաձող, որը օրինակ դարձավ շատ այլ ընկերությունների համար։ Երկար տարիների ընթացքում ունեցած հաջողությունների, մարտահրավերների և բարդությունների մասին ընկերության անդամները խոսեցին օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հարց ու պատասխանի ձևաչափով։

«Երեմյան» ընկերությունների խումբն աշխատում է երեք ուղղությամբ՝ հյուրընկալություն, գյուղատնտեսություն և մասնագիտական կրթություն։ Սկսելով մեկ փոքր ռեստորանից՝ այժմ նրանք համարվում են ռեստորանային բիզնեսի առաջատարն և՛ գործունեության մասշտաբի, և՛ որակի շնորհիվ։
«Երեմյան» ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը կարեւորեց՝ մարդակենտրոն և սիրով լի գործունեությունն է առաջին տեղում։
«Թե՛ կաթնամթերքի ոլորտում արտադրանք ստեղծելիս, թե՛ հյուրանկալության ոլորտում մեզ համար կարևորը մարդն է։ Լինելով սպասարկման ոլորտի ակունքներում կանգնած ընկերություն՝ մենք շարունակում ենք պահպանել մեր որդեգրած սկզբունքները, արժեքները, մենք ըստ արժանվույն ենք միշտ ներկայացել սպառողներին։ Մշտապես ունեցել ենք հստակ նպատակներ՝ վերհանել ազգային խոհանոցը, ներկայացնել հայկական մշակույթը, նպաստել զբոսաշրջության զարգացմանը և դիրքավորել Հայաստանը աշխարհի գաստրոքարտեզին»,- նշեց նա։

Ընկերությունը ներկայանում է 18 ռեստորանով և 13 հայեցակարգով՝ հայկական, տարածաշրջանային, եվրոպական, իտալական, ճապոնական, բարձր հեղինակային խոհանոցներով, սթեյքհաուսով և արագ սննդի ցանցով։ Հայաստանի համար այցեքարտերից մեկը համարվում է բացառիկ «Ռենոմե» ռեստորանը, որը միակն է հայկական բարձր հեղինակային խոհանոցով։ Առանձնահատուկ տեղ ունի նաև «Լիվիգնսթոն» ռեստորանը, որտեղ հյուրերը տեղափոխվում են այլ իրականության։ Բարձրակարգ ռեստորանների և Գինեսի գրքում երկու անգամ ընդգրված ուտեստների կողքին ընկերությունը նաև արագ սննդի բարձրորակ կետերով է աչքի ընկնում։
Ընկերության կողմից հեղինակվել է 150-ից ավելի ուտեստ, այժմ «Երեմյան»-ի ռեստորաններում և արագ սննդի կետերում ներկայացվում է 1000-ից ավելի ուտեստ։ Այս տարիներին ընկերությունը հյուրընկալության ոլորտում ունեցել է 15 միլիոն հյուր, 7 միլիոն զբոսաշրջիկ։ Սկսելով 2019 թվականից՝ ընկերությունն այժմ իր ոլորտում համարվում է ամենախոշոր գործատուն և հարկատուն։ Այսօր ընկերությունն ունի 2600 աշխատակից։
«Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն անկեղծացավ՝ սկզբում որդեգրված ուղու նկատմամբ թերհավատ մոտեցում եղել է․
«Այսօր Հայաստանը ռեստորանային բիզնեսով աշխարհի առաջատար երկրների կողքին կարող է կանգնել, և այդ գործում մենք մեր ներդրումն ունեցել ենք։ Զուտ գումար աշխատել կարելի է անգամ մեկ կամ երկու ռեստորանով, բայց մեզ համար կարևոր էր երկարաժամկետ արժեք ստեղծելն ու բարձր որակով ներկայանալը։ Այս սկզբունքները նաև փոփոխություն են մտցրել սպառողի հոգեբանության մեջ։ 2006 թվականին, երբ ես խոսում էի, որ ռեստորանային ոլորտը կարող է տնտեսության համար կարևոր դեր խաղալ, իրականում շատ քչերն էին հավատում, որ այն կարող է դառնալ խոշոր հարկատու, հաճախ քմծիծաղով էին արձագանքում։ Սկսած ռեստորաններից՝ ես միշտ բախվել եմ թերահավատության, սակայն դա մեզ մղել է աշխատել առավել արդյունավետ»,-ասաց Դավիթ Երեմյանը։
Ընկերությունը ոչ միայն բիզնես է կառուցել, այլև փոխել է ռեստորան այցելելու մշակույթը։

Իսկ գյուղատնտեսության ոլորտ ընկերության մուտքը եղել է նախևառաջ սեփական ռեստորանների կարիքները բարձրորակ կաթնամթերքով բավարարելու համար։ 2019 թվականից գյուղատնտեսության ոլորտում ընկերությունն աշխատում է նորարարական «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, որը թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել բարձրորակ կաթի ստացման ճանապարհը՝ սկսած կերարտադրությունից, կիթի գործընթացից, կաթի մշակումից մինչև պատրաստի արտադրանքի տեղափոխումը քաղաքի վաճառակետերը։ «Երեմյան» կաթն ամբողջությամբ ձերբազատված է մարդկային կամ արտաքին որևէ ազդեցությունից։
Ընկերությունն այսօր ունի 2 խելացի ֆերմա՝ 2500 գլուխ մաքրացեղ կովով և 6000 գլուխ խոզով, ժամանակակից գործարան՝ կաթնամթերքի և պահածոների վերամշակմամբ, ապահովում է պրեմիում կաթնամթերքի մասնաբաժնի 60 տոկոսը։ Ընկերությունը միակն է Հայաստանում սննդի անվտանգության FSSC 22000 միջազգային սերտիֆիկատով, մանկական կաթի և Ա կարգի վկայականներով։ Որպես գյուտ գրանցվել է ընկերության կողմից արտադրված չիչխանի ուտելու և խմելու յոգուրտը։
2019 թվականից Երեմյան ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում նաև մասնագիտական կրթության ոլորտում՝ ստեղծելով Երեմյան խոհարարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան։ 7 տարվա ընթացքում ակադեմիան անցկացրել է 70-ից ավել դասընթաց, ունեցել՝ 2500-ից ավելի ուսանող, որոնց 90%-ն այսօր աշխատում է հյուրընկալության ոլորտում։
Արմինե Բրսոյան

