Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի Սերբիայի ՆԳՆ ծառայությունը խումբ է բացահայտել, որը զբաղվում էր Բուլղարիայի տարածքից Սերբիայի միջոցով ԵՄ գաղթող փախստականների մաքսանենգ տեղափոխությամբ և ձերբակալել է խմբի 12 անդամների: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով ներքին գործերի նախարարությանը:
«12 ձերբակալվածներից կազմված հանցախումբը 2016թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ապահովել է ավելի քան 250 փախստականների Սերբիայի և Բուլղարիայի պետական սահմանի անցումը և տեղակայումը Բելգրադի տարածքում: Նրանք կասկածվում են Բուլղարիայում մեկ անձի միջոցով փախստականներին գտնելու, այնուհետև նրանց պետական սահմանի մոտ տեղակայելու, Սերբիայի տարածքով տեղափոխելու և Բելգրադում ժամանակավոր ապաստան տալու մեջ՝ հետագայում նրանց ԵՄ երկրներ տեղափոխելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանցախմբի անդամներն իրենց ծառայությունների համար յուրաքանչյուր անօրինական ներգաղթյալից պահանջել են 250 եվրո, իսկ «գումարած դրան նաև Բելգրադում ապաստանելու ծախսերը»:

