ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է կուսակցության նախընտրական ծրագիրը, որը վերջնականապես պատրաստ կլինի փետրվարի 14-15-ին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ ծրագիրն այս պահին գրեթե պատրաստ է։
Նրա խոսքով, ՀՀԿ ծրագրի հիմքը լինելու Հայաստանի անվտանգության զարգացումն ու ամրապնդումը, տնտեսության առաջընթացի ամրապնդումն ու առաջընթացը, ժողովրդավարության զարգացումը, դժգոհությունների հնարավոր վերացումը արդարադատության համակարգում, մարդու իրավունքների պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը հստակ պետք է լինի շարունակական, Հայաստանը պետք է շարունակի իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ում, շարունակի երկխոսությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի, հարեւան երկրների հետ:
Նրա խոսքով, ԳՄ նիստում քննարկել են նաեւ ՀՀԿ 13 տարածքային ցուցակները, համապետական ցուցակին կանդրադառնանք երեքշաբթի երեկոյան կամ չորեքշաբթի. «Այդ 13 տարածքային ցուցակներում ներառված են եւ ԱԺ պատգամավորներ, եւ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, եւ մտավորականներ, բժիշկներ, գործարարներ, մտավորականներ, երիտասարդներ, կանայք»:
Հարցին, թե օլիգարխներ կա՞ն այդ ցուցակներում, Շարմազանովն արձագանքեց. «Նախ ես չգիտեմ՝ ժողովուրդն ումից է գոհ, ումից է դժգոհ, դրա համար էլ կան տարածքային ու համապետական ցուցակներ, որպեսզի այդ 13 ցուցակներում տեսնեք, թե ժողովուրդն ում է վստահում, ում չի վստահում, յուրաքանչյուրը որքան ձայն է հավաքում: Ես կոչ կանեի ձեռնպահ մնալ գնահատականներից»:
Անդրադառնալով 13 ընտրական տարածքներում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուներին, Շարմազանովն ասաց.
«Թիվ 1 ընտրական տարածքում, որտեղ ընդգրկված են Նոր Նորքը, Ավանը, Քանաքեռ-Զեյթունը, կառաջադրվեն ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Միհրան Պողոսյանը, ԵԿՄ-ից Ղուկաս Ուլիխանյանը, ընդհանուր առմամբ 12 թեկնածու:
Արաբկիր, Աջափնայկ, Դավիթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրական տարածքում ներառված են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալբերտ Երիցյանը, Արման Բաբլոյանը, Արթուր Գեւորգյանը եւ այլն:
Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ շրջաններն ընդգրկող թիվ 3-ում ընտրական տարածքում առաջադրվել են Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլն:
Երեւանի կենտրոնում Հակոբ Բեգլարյանը, եւ այլն»:

