«Կասպերսկի Լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին կրկին Հայաստանում է՝ այս անգամ մասնակցելու ոչ միայն հատուկ լրագրողների համար կազմակերպված «Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքին, այլ նաև հագեցած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
«Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքին Եվգենի Կասպերսկու հետ մասնակցում էին նաև նույն ընկերության հետազոտությունների և սպառնալիքների վերլուծության գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Նովիկովը, ինչպես նաև Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիայի» պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը:

Սերգեյ Նովիկովը հանդիպմանը մասնակցող լրագրողներին տեղեկացնում է՝ 2016 թվականի ընթացքում 1 օգտատերը բախվել է այնպիսի սպառնալիքների, որոնք համացանցի միջոցով տարածվում են 13 տարին մեկ անգամ:
«Հայաստանում տարվա ընթացքում, անհատական համակարգչի յուրաքանչյուր օգտատեր միջինը 13 անգամ բախվել է համացանցային սպառնալիքների, տեղային վնասաբեր ծրագրերի հետ նա 6 անգամ հաճախ է գործ ունենում՝ տարվա ընթացքում միջին հաշվարկով 83 անգամ: Հայաստանն այս հորիզոնականը զբաղեցնում է օգտատերերի 33 տոկոսի ինտերնետային գրոհների ենթարկվելու պատճառով»,- վիճակագրական տվյալներ է ներկայացնում բանախոսը:
ԱՊՀ բոլոր պետությունները հավասարապես ընդգրկված են կիբերհարձակումների ենթարկվող երկրների ցանկում՝ Ռուսաստանի գլխավորությամբ, որն առաջին տեղում է:
Անդրադառնալով հայ օգտատերերի ցուցանիշներին, Սերգեյ Նովիկովը մանրամասնում է՝ նրանց 40 տոկոսը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների՝ վնասակար օբյեկտների կողմից, որոնք սարքերում հայտնվում են կրիչների միջոցով: Միջին հաշվարկով՝ օգտատերը տարեկան 82 անգամ բախվում է տեղային սպառնալիքների, որոնք բխում են ձայնասկավառակներից, հիշողության կրիչներից, խտասկավառակներից:

