Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի չորս բժիշկների՝ Ահարոն Մարգարյանի, Վարդան Անափիոսյանի, Արսեն Ասատրյանի և Նարեկ Պեպանյանի գործի դատական քննությունը:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Ահարոն Մարգարյանը, բժիշկ-ռենտգենոլոգ Վարդան Անափիոսյանը, վիրաբույժ Արսեն Ասատրյանը և բժիշկ-ռեանիմատոլոգ Նարեկ Պեպանյանը թույլ են տվել մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, դրանց նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք և արդյունքում անզգուշությամբ առաջացրել են հիվանդ Ռաֆիկ Խաչատրյանի մահը:
Չորս ամբաստանյալներին էլ առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:
Ըստ գործի տվյալների՝ 2015 թվականի հունվարի 18-ին շտապօգնության թիվ 64 անձնակազմը կանչով մեկնել է «Էրեբունի» քոլեջի մոտ ու հայտնաբերել է տարեց տղամարդու դիակ: Հետագայում դիահերձմամբ մահացածի մոտ ախտորոշվել է «կոնքի աջ կեսի ոսկրերի բազմաթիվ բեկորային կոտրվածքներ»: Սկզբում նույնիսկ քրեական գործ է հարուցվել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, սակայն հետո քննությունը հանգել է հետևության, որ 81-ամյա տղամարդու մահվան պատճառը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարումն է եղել:
Պարզվել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 9-ի սահմաններում Երևանի Եղբայրության և Չեխովի փողոցների հարակից տարածքի ավտոկայանատեղիի մոտ վայր է ընկել մի քաղաքացի՝ 81-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը: Քաղաքացիները շտապօգնություն են կանչել: Շտապօգնության բժիշկը, նախնական ճիշտ ախտորոշելով, որ տարեց տղամարդը կոտրվածք ունի, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել է բազմապրոֆիլ հիվանդանոց՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ցավոք, կենտրոնում, ըստ մեղադրանքի, այդ հիվանդին չեն պահել դինամիկ հսկողության տակ, թերի հետազոտում են կատարել, ճիշտ ախտորոշումը չեն գտել և տարեց մարդուն դուրս են գրել այն դեպքում, երբ նա … չի կարողացել քայլել…
Ըստ մեղադրանքի՝ բժշկական կենտրոնում կատարվել է Ռ. Խաչատրյանի կոնքոսկրերի ռենտգեն, բայց բժիշկ ռենտգենոլոգը չի հայտնաբերել կոնքոսկրերի բեկորային կոտրվածքները ու… քայլել չկարողացող տարեց հիվանդը, առանց ուղեկցողի, դուրս է գրվել…
Գործի քննության շրջանակներում կատարվել է բժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ «Եթե հիվանդը գտնվեր հիվանդանոցում, կատարվեին գործիքային և լաբորատոր հետազոտություններ, հնարավոր կլիներ հայտնաբերել կոնքոսկրերի կոտրվածքները և հետորովայնամզային տարածության արյունահավաքի առկայությունը… Ռենտգեն նկարները որակապես եղել են թերի… Վնասվածքաբանը հիվանդին պետք է պահեր դինամիկ հսկողության տակ, ճշտեր ախտորոշումը, ապա ուղարկեր ստացիոնար բուժման…»:
Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:
Հարցաքննվեց տուժողի իրավահաջորդը՝ մահացածի որդի Մերուժանը: Նա նշեց, որ ընտանիքով ապրել է հոր հետ համատեղ: Դեպքի օրը ինքն առավոտյան շատ շուտ արթնացել ու գնացել է աշխատանքի: Նախորդ օրը հայրը խմած է եղել: Դեպքի օրը ինքը հորն առավոտից չի տեսել, երբ գնացել է աշխատանքի, հայրը քնած է եղել:
Տուժողի իրավահաջորդն ասաց, թե հայրը, անկախ տարիքից, սիրել է խմել: Ինքը նրան հաճախ կշտամբել ու խորհուրդ է տվել, որ չխմի:
Դեպքից 2-3 ամիս առաջ հայրը իրենց տան աստիճանների վրա վայր էր ընկել, ոտքը այտուցվել էր: Նա քայլում էր ձեռնափայտով: Ոտքը ցավում էր, բացի այդ, ըստ Մերուժանի, հայրը «ձեռնափայտ բռնել սիրում էր»:
Երբ Մերուժանը դեպքի օրը աշխատանքից տուն է գնացել, իմացել է, որ իրենց հարևաններից մեկը առավոտյան տեսել է՝ ինչպես շտապօգնության մեքենան իր հորը, ով վայր էր ընկել Եղբայրության ու Չեխովի փողոցների հարակից հատվածում, տարել է հիվանդանոց:
Շտապօգնության բժիշկը հավաքվածներին ասել է. «Ով էս մարդուն ճանաչում է, ասեք հարազատներին, որ տարել ենք «Էրեբունի» հիվանդանոց»:
Տուժողի իրավահաջորդի կինն ու եղբոր կինը գնացել են «Էրեբունի» հիվանդանոց, մոտեցել են ընդունարանի աշխատողներին, ասել են իրենց հայրիկի անուն-ազգանունը: Աշխատողները ստուգել են, այդ անուն-ազգանունը գտել ու ասել են, որ տվյալ հիվանդին արդեն դուրս են գրել, նա իր ոտքով գնացել է տուն:
Կանայք տուն են վերադարձել: Աշխատանքից տուն է գնացել Մերուժանը, բայց հայրիկն այդպես էլ տուն չի գնացել: Հարազատները մտածել են՝ միգուցե խմել ու բարեկամներից մեկի տուն է գնացել… Նրանք հաջորդ օրն են իմացել, որ Ռաֆիկ Խաչատրյանը մահացել է…
Տուժողի իրավահաջորդն ասաց, թե ինքը քննության ընթացքում իմացել է, որ հորը տարել են հիվանդանոց, ու բժիշկները նրան օգնություն ցույց չեն տվել, դուրս են գրել, նա մահացել է վնասվածքներից…
Տուժողի իրավահաջորդն ասաց, որ իրեն վերադարձրել են հոր վզի հասարակ խաչը, տան բանալին ու թզբեհը: Հոր մոտ եղել է 10 հազար դրամ, մատին եղել է ոսկե մատանի: Դրանք չեն հայտնաբերվել: Ներկայումս քննվում է առանձին քրեական գործ՝ գողության մեղադրանքով… Հայրը բջջային հեռախոս չի ունեցել:
Տուժողի իրավահաջորդն ասաց, թե ամբաստանյալներից բողոք, պահանջ չունի. «Ինչ որ արել ենք, դե՝ մեր հերն ա, արել ենք… Մեղավորության ու պատժի հարցն էլ թող դատարանը որոշի…»:
Տուժողի իրավահաջորդն ասաց նաև, թե հայրը պրակտիկապես առողջ էր, ազատ տեղաշարժվում էր, ինքն ու հայրը երեկոները նարդի էին խաղում…
Երբ պաշտպանական կողմի հարցերից հետո մեղադրող դատախազը ցանկացավ լրացուցիչ հարցեր տալ տուժողի իրավահաջորդին, ու նախագահող դատավորը թույլատրեց, ամբաստանյալների շահերի պաշտպաններն ընդդիմացան:
Ըստ պաշտպանի հայտարարության՝ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատակոչված վկային նախ հարցեր է ուղղում մեղադրողը, հետո պաշտպանական կողմը, հետո՝ դատարանը: Մեղադրողին պաշտպանական կողմի հարցերից հետո նորից հարց տալու իրավունք վերապահելը համարվեց օրենքի խախտում: Պաշտպանը դժգոհեց. «Հարց է առաջանում՝ դատարանը տիրապետո՞ւմ է քրեական դատավարության օրենսգրքին: Մեղադրողին լրացուցիչ հարցեր տալու իրավունք ո՞ր օրենքով է տրվում, դա նախագահողին ինքնաբացարկի հիմք է…»:
Նախագահողը պաշտպանի հայտարարությունից չընկրկեց, մեղադրողին թույլ տվեց լրացուցիչ հարցեր տալ:
Պաշտպանական կողմը նախագահողին ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրեց, բայց պաշտպանները հայտարարեցին, որ տուժողի իրավահաջորդի ցուցմունքները պետք է անթույլատրելի ապացույց ճանաչվեն:
Նախագահողը նշեց, որ ապացույցների թույլատրելությունը կգնահատվի խորհրդակցական սենյակում՝ դատական ակտ կայացնելիս…
Հարցաքննվեց վկա Ավետիս Ս.-ն, ով դեպքի պահին եղել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատող, իսկ ներկայումս ոստիկան է:
Վկան ասաց, թե դեպքի օրն իր հերթապահության օրն է եղել, ինքը դրսում էր հերթապահում: Իրեն կանչել են ընդունարանից, ինքը մայրապետին օգնել է, որ դուրս գրված տարեց հիվանդին նստեցնեն «կալյասկա»: Հիվանդին դուրս են բերել, նստեցրել են հիվանդանոցի մոտ եղած նստարանին, ու ինքը գնացել է իր աշխատանքին: Մայրապետին օգնելը իր պարտականությունների մեջ չի մտել, ինքը դա արել է զուտ օգնելու համար: Հիվանդը, վկայի կարծիքով, խմած էր, նրանից խմիչքի հոտ էր զգացվում… Բայց նրա գիտակցությունը տեղն էր, նա մի տեսակ «մուննաթով էր խոսում»: Վկան ավելի ուշ տարածքի ոստիկաններից իմացել է, որ այդ հիվանդը հիվանդանոցի մոտ մահացել է: Նրան գտել են պոլիկլինիկայի «հայաթում»՝ իր թողած վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա…
Նույն վկայի նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին, քանի որ էական հակասություններ կային դրանց ու դատաքննական ցուցմունքի միջև:
Նախաքննական ցուցմունքներում վկան նշել էր, որ 2015 թվականի հունվարի 18-ին, ժամը 12-ի սահմաններում ինքը հերթապահության էր, իրեն ու ծառայակից Սմբատին զանգել-կանչել են ընդունարանից, ասել են՝ մարդ է դուրս գրվում, օգնեք:
Տարիքով տղամարդուն ընդունարանի պատգարակից տեղափոխել, նստեցրել են սայլակին ու մայրապետի հետ ուղեկցել են դուրս՝ մինչև հիվանդանոցի մուտքի դուռը:
Ըստ վկայի՝ իրենք համոզել են դուրս գրված հիվանդին, որ նա ասի հարազատների հեռախոսի համարները, իրենք զանգեն, նրանց կանչեն, որ գան, նրան տուն տանեն: Տղամարդը պատասխանել է, թե ինքը… հարազատ չունի:
Ըստ վկայի՝ իրենք առաջարկել են տաքսի կանչել, նրան տաքսիով տուն ճանապարհել: Տղամարդն ասել է, թե գումար չունի: Վկան առաջարկել է նրան գումար տալ: Տղամարդը պատասխանել է. «Ես բոմժ չեմ»…
Նախաքննական առաջին ցուցմունքում վկա Ավետիսն ասել է, թե սայլակով այդ տղամարդուն հասցրել է մինչև «շլագբաումը», այնտեղ ասել է, թե դրանից այն կողմ տանել չի կարող՝ դրա իրավունքը չունի, բացի այդ՝ ցեխ է, իրեն էլ աշխատանքից կհեռացնեն:
Տղամարդը Ավետիսից ծխախոտ է ուզել, ծխել է: Հետո Ավետիսը նրան օգնել, ոտքի է կանգնեցրել, ձեռնափայտը ձեռքն է տվել: Ու տղամարդը «դժվար քայլելով ՝ գնացել է դեպի պոլիկլինիկա՝ ասելով, թե այնտեղ՝ մոտակա սեփական տներում ապրող ընկերոջ տուն է գնում:
Վկան ասել է, թե հետո ոստիկաններն իրեն տարել այն տեղը, որտեղ ընկած էր մահացած տղամարդը, ինքը նրա դեմքին չի նայել ու սկզբում չի իմացել, որ նա նույն տղամարդն է, ում ինքը սայլակով դուրս է բերել հիվանդանոցից:
Այնուհետև վկան լրացուցիչ հարցաքննվել է: Բանն այն է, որ հիվանդանոցի տեսախցիկներով տեսանկարահանված էր տուժողի դուրս գալը հիվանդանոցից, նրան սայլակով դուրս բերելը, այն , որ այդ տղամարդը ոտքի վրա կանգնել չի կարողացել, ուր մնաց, թե քայլելով հեռանար…
Լրացուցիչ հարցաքննության ժամանակ վկան ասել է, թե ընդունարանում իրենց ասել են՝ ամեն բան նորմալ է, մարդը դուրս է գրված, մնում է օգնել ու դուրս բերել հիվանդանոցից:
Ինքը նրան սայլակով «շլագբաումից» անց է կացրել, հասցրել է պոլիկլինիկայի մոտ՝ տղամարդն է ցանկացել այդ ուղղությամբ գնալ: Հասել են պոլիկլինիկայի պատի մոտ, իրար հետ ծխել են: Տղամարդը փորձել է սայլակից վեր կենալ, ոտքի կանգնել: Ինքնուրույն չի կարողացել դա անել: Վկան օգնել՝ կանգնեցրել է նրան, ձեռնափայտը ձեռքն է տվել: Տղամարդը մի պահ նույնիսկ կանգնել է, բայց չի կարողացել ոտքի վրա մնալ, վկան հազիվ է հասցրել նրան բռնել, որ չընկնի՝ «ոտքերը թուլացել էին»:
Ապա վկան՝ անվտանգության աշխատողը, կանգնել անգամ չկարողացող, բայց հիվանդանոցից դուրս գրված տարեց պապիկին նստեցրել է «բորդյուրին», մի հատ ծխախոտ է վառել, տվել է նրան, ձեռնափայտը դրել է կողքը ու գնացել է իր հերթապահությունը շարունակելու:
Երբ իմացել է, որ հիվանդանոցի մոտ տարեց տղամարդ է մահացել, վկան գնացել ու տեսել է, որ տղամարդն ընկած է իր թողած տեղից… ոչ թե 500 մետր, ինչպես նախկինում էր ասել, այլ ընդամենը 1 մետր հեռավորության վրա: Վկան խոստովանել է, որ դեպքի օրն իր ղեկավարությանը զեկուցագիր է ներկայացրել, որում չի նշել, որ տարեց տղամարդուն սայլակից իջեցրել, նստեցրել է բորդյուրին: Ասել է, որ նա խմած էր…
Այնուհետև՝ վկայի նախաքննական այս ցուցմունքի ամենացնցող մասն է:
Ավետիս Ս.-ն գրել է. «Ես մտածում էի՝ ես եմ մեղավոր նրա մահվան մեջ… Հիմա հայտնում եմ ողջ ճշմարտությունը… Եթե իմանայի, որ նա այնպիսի վնասվածք ունի, որից կարող է մահանալ, չէի տանի, նորից կմտցնեի հիվանդանոց…»:
Դատարանում, կողմերի հարցերին պատասխանելով՝ երիտասարդ վկան ասաց, թե քայլել, անգամ՝ կանգնել չկարողացող տարեց մարդուն թողել է անօգնական ու հեռացել է, քանի որ ինքն աշխատանքի մեջ էր, բացի այդ՝ այն տեղում, որտեղ թողել էր պապիկին, մարդկանց շարժ կար, անցուդարձ կար… «Ինքն ա ուզել, որ էնտեղ թողնեմ»,- ասաց վկան: Նա նշեց, որ ցուրտ օր էր, ու տարեց տղամարդը չէր ասում՝ ինձ բուժօգնություն ցույց տվեք: Իսկ իր նպատակը միայն այդ մարդուն օգնելն է եղել…
Այսպիսով, տարեց մարդը փողոցում վայր էր ընկել, կոտրվածքներ ստացել, շտապօգնության մեքենայով հասցվել էր հիվանդանոց, նա ակնհայտորեն չէր կարողացել քայլել, անգամ՝ կանգնել: Այդուհանդերձ, նրան դուրս էին գրել հիվանդանոցից, նաև՝ դուրս էին հանել հիվանդանոցից՝ բառի բուն իմաստով: Ու ստացվել է այնպես, որ մարդը «դուրս է գրվել» նաև … կյանքից: Ճակատագրի հեգնանքով, թե մարդկային սառնասրտության պատճառով՝ մարդը մահացել է մեծ, տեխնիկապես հագեցած բժշկական կենտրոնի պատի տակ: Նրա վերջին խոսքերից է եղել վկա Ավետիսին ուղղված խոսքը. «Ես բոմժ չեմ»…
Դատական հաջորդ նիստի նշանակման հետ կապված՝ ամբաստանյալ բժիշկներն ասացին, թե «ընտրությունների հետ կապված»՝ մարտի 9-ից մինչև 15-ը մարզերում են լինելու, բուժօգնություն են ցուցաբերելու Լոռու մարզի ազգաբնակչությանը…
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26