Դինքի սպանության գործով ձերբակալված նախկին պաշտոնյաները կալանավորվել են
29.03.17 | 11:13
Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում վերջերս ձերբակալված 7 նախկին պաշտոնյաները կալանավորվել են, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Նրանք մեղադրվում են զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, Դինքի սպանության կազմակերպմանը մասնակցելու, ինչպես նաև Դինքի սպանությունից հետո մարդասպան Օգյուն Սամասթի` պաշտոնյաների հետ արված լուսանկարները համացանցում տարածելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն ևս 8 անձի ձերբակալման որոշում է կայացրել, որոնց թվում է նաև Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Գյուլենը, ինչպես հայտնի է, գտնվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում և արտահանձնված չէ Թուրքիային:
Հիշեցնենք, որ Դինքի սպանության գործով մեղադրյալների աթոռին հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված են նաև 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեղադրանքով դատական գործեր:
Դինքի սպանության հետ նրանց անմիջական կապի մասին փաստող տեսանյութերն ի հայտ եկան հենց հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող Գյուլենի թիմակիցների դեմ պետության կողմից սկսված լայնածավալ որսի ընթացքում:
Սեպտեմբերին համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում է, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյութում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:
Ավելի ուշ համացանցում տարածվել է ևս մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է թուրքական ոստիկանության պաշտոնյաներից մեկը բանտում ողջագուրվում և լուսանկարվում Սամասթի հետ:
tert.am