Նավթի գներն անկում են գրանցել Դոհայում տապալված բանակցություններից հետո
18.04.16 | 11:29
Նավթի համաշխարհային գներն անկում են գրանցել Դոհայում նավթ արդյունահանող խոշոր երկրների բանակցությունների արդյունքների ֆոնին: Քաթարի մայրաքաղաքում նրանց չի հաջողվել պայմանավորվածության գալ արդյունահանման մակարդակի սառեցման հարցի շուրջ, գրում է РИА Новости-ն:
Երևանյան ժամանակով ժամը 08:31-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն անկում է գրանցել 3,90 տոկոսով (մինչև բարելի համար 41,42 դոլար), WTI ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը՝ 4,29 տոկոսով (մինչև բարելի համար 39,92 դոլար):
«Գները կարող են նվազել մինչև բարելի համար 30 դոլար»,- MarketWatch գործակալությանն ասել է նավթի հարցերով վերլուծաբան Աբհիշեկ Դեշպանդեն:
Նավթի գները սկսել են կտրուկ նվազել Դոհայում բանակցությունների տապալումից հետո, որտեղ նավթ արդյունահանող երկրները չկարողացան պայմանավորվել արտադրության մակարդակի սառեցման շուրջ։ ՕՊԵԿ-ի մի շարք երկրներ, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիան, անսպասելիորեն պահանջեցին համաձայնագրին ներգրավել բոլոր անդամներին: Մասնավորապես՝ խոսքը Իրանի մասին է, որը հայտարարել է արտադրությունը սառեցնելու պատրաստակամության մասին միայն մինչև պատժամիջոցները գրանցված ծավալի՝ օրական չորս միլիոն բարելի հասնելուց հետո։