Ժան-Մարի Լե Պենը՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենի հայրը և «Ազգային ճակատի» նախկին ղեկավարը, կասկած է արտահայտել առ այն, թե դուստրն ունակ է ղեկավարել երկիրը։ Այս մասին նա հայտնել է The Sunday Times-ին։
«Նա ունի բնավորություն, նա դրա պակասը չունի։ Սակայն (երկիրը ղեկավարելու համար) պետք են նաև այլ որակներ»,-նշել է Լե Պենը։
Պարբերականն ընդգծում է, որ հոր ու դստեր հարաբերությունները սառն են մնում այն բանից հետո, երբ դուստրը հորը բացառել է կուսակցությունից։ Թեկնածուի հայրը հիասթափված է նաև այն բանից, թե ինչպես է նա դեբատներ վարել մրցակից Էմանուել Մակրոնի հետ։
Լե Պենի կարծիքով՝ իր թոռնուհի Մարիոն Մարեշալ-Լե Պենն ավելի է համապատասխանում նախագահի պաշտոնին, քան դուստրը։ Նա այնուհանդերձ խոստովանել է, որ միևնույնն է՝ հաղթանակ է ցանկանում Մարին Լե Պենին։

