Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքն իր հավաքած 70 հազար 731 քվեով Երեւանի ավագանիում կունենա 14 անդամ։ Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը սա միանշանակ պարտություն կամ անհաջողություն չի ցանկանում որակել։ Սա, ըստ նրա, հաջողություն է այնքանով, որ իրենք ուզում էին հաղթել ընտրություններում, բայց չհաղթեցին, սակայն իրենք մինչ այս չունեին խմբակցություն Երեւանի ավագանիում, հիմա կունենան եւ կմասնակցեն մայրաքաղաքի կառավարման կյանքին։ Փաշինյանը, ի դեպ, ավագանու իր մանդատը վայր կդնի եւ կգնա խորհրդարան, նրա փոխարեն ավագանու անդամ կդառնա ցուցակում հաջորդ թեկնածուն՝ Զառա Բաթոյանը։ Մինչ պարտության պատճառներին եւ իրենց սխալներին անցնելը՝ «Ելքը» գտել է իրեն մխիթարելու տարբերակները։ «Մենք Երեւան քաղաքում երկու անգամ արձանագրել ենք մոտ 70 հազար ձայն, այս ընտրություններում ավելի քան 1000 ձայն ավելի ենք ստացել, քան նախորդ ընտրություններում։ Եվ գիտե՞ք, ՀՀԿ-ն մոտ 1000 ձայն պակաս է ստացել, քան նախորդ ընտրություններում»,- երեկ հրավիրված ասուլիսում ասաց Փաշինյանը։ Ապա նկատեց, որ ինքն այս ընտրությունների հետ կապված ապոկալիպտիկ հետեւությունների հիմք չի տեսնում, քանի որ իրենք քաղաքական պրոցես են իրականացնում։ Ինչ վերաբերում է սխալներին, ապա Փաշինյանն այստեղ սխալի խնդիր չի տեսնում եւ մեղքը բարդում է նորից ընտրակաշառքի վրա։ Մինչդեռ, ընտրության մասնակցության տոկոսն այս ընտրություններում շատ ցածր էր՝ 40 տոկոս, եւ շատերը, որոնք ընտրակաշառքով կամ առանց դրա ՀՀԿ-ի օգտին չէին ցանկանում քվեարկել, չգնացին եւ չքվեարկեցին նաեւ «Ելք»-ի օգտին։ Այսինքն՝ «Ելքը» չկարողացավ շահել այդ 60 տոկոս քաղաքացիների վստահությունն ու տրամադրել նրանց, ակտիվացնել այնպես, որ գնան քվեարկության։ Ուստի գուցե իրենց թույլ տված ինչ-ինչ սխալների՞ հետեւանքն էր, որ մի ստվար զանգված չցանկացավ տնից դուրս գալ եւ գնալ ու քվեարկել հենց իրենց օգտին, հետաքրքրվեցինք մենք։ «Ելք»-ին չմիացան, նրանց չսատարեցին եւ «Ելք»-ի օգտին չքվեարկեցին նաեւ ընդդիմադիր դաշտի մյուս ուժերը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ այլն։ Սա ինչո՞վ կբացատրի, հարցրինք Փաշինյանին։ «Որովհետեւ մյուս քաղաքական ուժերի ընտրողներն ընտրությունների գնալու եւ քվեարկելու իրենց մեթոդաբանությունն ունեն, էդ ուժերը երկար տարիներ սովորել են էդ մեթոդաբանությանը եւ էդ մեթոդաբանությամբ են քվեարկում։ Մենք ձեւավորել ենք համախոհների հսկայական բանակ, էդ բանակն ավելանում է, եւ դա ակնհայտ է, ի՞նչ կա չնկատելու։ Այսինքն՝ էն ժամանակ ինը քաղաքական ուժ էր, մենք Երեւանում ֆիքսել ենք 14 տոկոս, հիմա երեք քաղաքական ուժ էր, ֆիքսել ենք 21 տոկոս»,- ասաց Փաշինյանը։ Ապա ավելացրեց, որ իրենք էդ քաղաքական ուժերին միանալու կարիքը եւ անհրաժեշտությունը չեն զգում․ «Որովհետեւ դեռ պարզ չէ՝ էդ Ձեր թվարկածից որն է քաղաքական ուժ, որն այլեւս քաղաքական ուժ չէ»։ Իսկ իրենց ձայն չտվողների վերաբերյալ վերլուծե՞լ են, գուցե տակտիկական սխալներ են թույլ տվել, գուցե իրենց որոշ հայտարարություններ, նախընտրական տեխնոլոգիաներ, օրինակ՝ 15 հազար դրամի առաջարկը եւ այլն, վանեցի՞ն իրենց պոտենցիալ ընտրողներին։ Փաշինյանն ասաց, որ իրենք կվերլուծեն ամեն ինչ, եթե կտեսնեն, որ կան սխալներ, նաեւ այդ սխալները կվերլուծեն։ Բայց կարծում է, որ իրենք իրենցից կախված առավելագույնն արել են։ Հարցին՝ իսկ 15 հազար դրամների «հակաընտրակաշառքային» իդեան վնասե՞ց իրենց, թե՞ օգուտ տվեց, Փաշինյանն ասաց․ «Եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ի ընտրողներից 1000 հոգի պակասել է, մեր ընտրողներից 1000 հոգի՝ ավելացել, կարող ենք ասել, որ 1000 հոգի, ով քվեարկում էր ՀՀԿ-ի օգտին, հիմա քվեարկում է մեր օգտին»։ Նկատի ունի խորհրդարանական ընտրություններին մասնակցած անձանց քվեարկությունը՝ բացարձակ թվերով։ Փաշինյանին հարց հնչեց նաեւ հետընտրական պրոցեսների վերաբերյալ։ Նախկին ՀԱԿ անդամն իր պատասխաններում ընդգծված շեշտադրությամբ մի քանի անգամ հասկացրեց, որ չի ցանկանում թույլ տալ նախկին սխալները, որոնք թույլ են տրվել ՀԱԿ-ի կողմից այս տարիներին, որոնց մի մասին նաեւ ինքն է մասնակցել՝ որպես ՀԱԿ անդամ։ «Ես, որպես հետընտրական պրոցեսներին շատ ակտիվ մասնակցած մարդ, ասում եմ հետեւյալը․ մենք ի՞նչ ենք արձանագրում, որ, ասենք, հիմա հետընտրական պրոցես սկսենք, էդ ընտրակաշառք վերցրած մարդը գալո՞ւ է Ազատության հրապարակ։ Եթե իրեն 10 հազար դրամով տարել են ընտրատեղամաս, 10 հազար դրամով էլ հետ կտանեն իրենց տուն։ Կամ՝ էն քաղաքացին, որ չի գնացել ընտրության, գալո՞ւ է հրապարակ»,- հետընտրական պրոցեսի անարդյունավետությունն այսպես մեկնաբանեց պարոն Փաշինյանը։ «Մենք ավելի շատ մտածում ենք մեր ստացած 70 հազար կամ 122 հազար քվեարկած քաղաքացիների այդ մտածողության կերպն ուժեղացնելու համար։ Մենք փուստ կրակոցների իրավունք քաղաքական պրոցեսներում չունենք։ Ինչպես նախկինում ասել ենք, ես ինքս հայտարարել եմ, որ ես ինքս չեմ պատրաստվում քաղաքացիներին հանել էքսկուրսիայի Երեւան քաղաքի փոքր կենտրոնով։ Էն քաղաքական ուժը, որ կարող է հետընտրական պրոցեսով իշխանափոխություն անել, ուրեմն նա ի վիճակի է հաղթել նաեւ ընտրություններում»։ Այսինքն՝ ՀԱԿ-ի սխալները չի՞ ցանկանում կրկնել, հարցրինք մենք։ «Ես իմ սխալները չեմ ուզում կրկնել»,-խորհրդավոր պատասխան տվեց ՀԱԿ նախկին անդամը։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը, իրոք, անցյալի սխալներից հետեւություններ անելու ընդունակություն ունի՝ օրինակ, աշնանը ՏԻՄ ընտրություններից հետո բավականին վերանայվեց նրանց մարտավարությունը, եւ անգամ համագործակցության ձեռք մեկնեցին այն ուժին, որին խստորեն քննադատում էին մինչ այդ՝ «Լուսավոր Հայաստանին», Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Բայց, այնուամենայնիվ, մրցակիցներին քննադատելուց այդպես էլ չեն կարողանում զերծ մնալ՝ այս ընտրություններին էլ «դառը» խոսքեր էին հնչում Զարուհի Փոստանջյանի եւ Տարոն Մարգարյանի հասցեին։ Արդարության համար նշենք նաեւ, որ մրցակիցներն էլ առանձնապես զուսպ չէին, խոսքը հատկապես Փոստանջյանի մասին է։ Իսկ Տարոն Մարգարյանի թիմում հատուկ «քլնգողներ» էին պահում, հանձին Լեւոն Իգիթյանի։ Ի դեպ, Էդմոն Մարուքյանը երեկ առիթը բաց չթողեց ու խայթեց Փոստանջյանին՝ նշելով․ «Իսկ ինչ է, Զարուհի Փոստանջյանը վերցնելո՞ւ է մանդատները»։ Ապա ավելացրեց․ «Խորհրդարանական ընտրություններից հետո իր արած հայտարարությունը՝ ուղղված «Ելք» դաշինքին, այն մասին էր, որ «Ելք» դաշինքը գնաց վերցրեց մանդատները, ուրեմն դուք ծախվել եք եւ այլն։ Այսինքն՝ իր տրամաբանության մեջ եւ իր քաղաքական գծի մեջ, եթե ինքը գնա վերցնի, իր էդ տեքստն իրեն է վերաբերում։ Բայց մենք բազմիցս ասել ենք, որ մենք պատրաստ ենք համագործակցել «Երկիր ծիրանի» ֆրակցիայի հետ, եթե իրենք վերցնեն մանդատները»,- բարեկամության ձեռք մեկնեց Մարուքյանը։ Նրա կարծիքով՝ Զարուհի Փոստանջյանի քննադատությունները շատ վնասեցին իրենց՝ ազդելով իրենց ձայների վրա։ Նյութի աղբյուրը ` hraparak.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26