Կատարն Իրանի հետ երկխոսությունը դրական է գնահատում և կաշխատի այն պահպանել ապագայում: Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ ղեկավար Մուհամմադ բեն Աբդուրահման Ալ Թանին RT Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է Իրանի հետ մեր հարաբերություններին՝ բոլորն են ուզում Իրանի հետ դրական հարաբերություններ ունենալ, Իրանը հարևան է: Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի բոլոր երկրները որոշ վեճեր և մտավախություններ ունեն, բայց խորհրդի բոլոր երկրների ռազմավարական ընտրությունն էր Իրանի հետ երկխոսություն վարելը… և մենք Կատար պետությունում աջակցում ենք այդ ջանքերին»,- հայտարարել է նախարարը:
Երկուշաբթի Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման մեջ: Լիբիայի արևելյան մասի, Եմենի, իշխանությունները, նաև Մալդիվները, Մավրիտանիան, Կոմորյան կղզիները ևս ավելի ուշ հայտարարել են Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին:

