Հայաստանի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը օգոստոսի 3-ին հանդիպել է Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործակցության, հետախուզության, հակահետախուզության ոլորտում հարաբերությունը խորացնելու հարցեր: ԱԱԾ պետի և ՌԴ դեսպանի երևանյան հանդիպումը, անշուշտ, առաջին հերթին աչքի է ընկնում կամ ուշադրության արժանանում վերջին օրերին հայ-ռուսական, այսպես ասած՝ լարվածության ֆոնին, որ առաջացել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտնի հայտարարությամբ: Ներկայումս անցուդարձերը դիտարկվում են այդ տրամաբանության ներքո: Առավել ևս, որ Լավրովի հայտարարության առիթը Հայաստանում իրավական գործընթացներն էին, որոնք ծավալվում են նախկին իշխանության պաշտոնյաների հանդեպ:
Իսկ այստեղ, իհարկե, ոչ Մարտի 1-ի գործով անմիջապես, սակայն առանցքային դերակատարը, իհարկե, ԱԱԾ-ն է: Սրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաև այն, որ զուտ քաղաքական հանգամանքներից բացի, կա նաև հայաստանյան ապօրինություններին, կոռուպցիոն համակարգին Ռուսաստանի շաղկապվածությունը, որոշակի սերտաճածությունը, և Մոսկվային, անկասկած, ամենից առաջ հետաքրքրում է հենց դա: Իսկ սա էլ կարևոր է ընդհանուր հայ-ռուսական ֆոնի համար և անկասկած է, որ որոշակի պարզաբանումները էապես կնպաստեն այդ ֆոնին լարվածության կամ չհասկացվածության թուլացմանը կամ չեզոքացմանը, որովհետև չափազանցություն է, թե Մոսկվային հետաքրքրում է այս կամ այն անձի ճակատագիրը: Մոսկվային հետաքրքրում է իր շահը: Եվ այս իմաստով, իհարկե, Վանեցյան-Կոպիրկին հանդիպումը, ըստ երևույթին, հնարավոր է դիտարկել այս աշխատանքի համատեքստում:
Սակայն սրանից բացի, թերևս պետք չէ ուշադրությունից դուրս թողնել մեկ այլ հանգամանք, որը անմիջական կապ չունի վերջին գործընթացների հետ: Օրերս հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահները, որոնք պահում են այդ սահմանը, հայտնաբերել էին սահմանախախտ թուրք հետախույզի: Այս հանգամանքն էլ դիտարկվեց, թե Ռուսաստանը լավրովյան մեսիջին զուգահեռ սահմանի մասին էլ հիշեցնում է Հայաստանին:
Իրականում, սակայն, այս դիտարկումը թերևս փոքր-ինչ չափազանցված էր, նկատի ունենալով այն, որ այդ ամենից օրեր առաջ էլ, երբ աղմուկ չկար, հայտնաբերվել էին հայ-թուրքական սահմանը խախտել ցանկացող հինգ աֆղանցիներ, ահաբեկչական կազմակերպության անդամներ: Մանրամասներ հետագայում չեն հրապարակվել, սակայն այդ միջադեպն էլ առավել հետաքրքիր էր ամիսներ առաջ՝ թավշյա հեղափոխության ամենաթեժ օրերին, Նախիջևանի սահմանից 6 բանգլադեշցիների՝ Հայաստան անցնելու փորձի ֆոնին: Ըստ տեղեկության՝ նրանք իբրև թե աշխատանք փնտրող միգրանտներ էին, որոնք Թուրքիա գնալու փոխարեն, անցել էին Հայաստան:
Որքանով է հիմնավոր այս բացատրությունը, առանձին հարց է, սակայն վերջին ամիսներին ունենք ըստ էության հայ-թուրքական սահմանի ուղղությամբ երեք հետաքրքիր հաջորդականությամբ դեպք՝ Նախիջևանի սահմանը ըստ էության նաև, իսկ գուցե ավելի շատ հենց հայ-թուրքական սահման է: ԱԱԾ-ում տեղի ունեցած հանդիպումը, հատկապես հետախուզության և հակահետախուզության հարցերի քննարկումը առավել ուշագրավ է այդ ֆոնին, հատկապես նկատի ունենալով և այն, որ դեռևս նախորդ տարի աշնանը Սերժ Սարգսյանն էր ԱԱԾ ղեկավարության հետ հանդիպմանը ուշադրություն հրավիրել հակաահաբեկչական գործողությունների վրա, իսկ դա մի խնդիր է, որի վրա իշխանափոխությունը չպետք է ունենա որևէ ազդեցություն, բացառությամբ միայն ու միայն առավել զգոնության տեսանկյունից։