Նոր իրողությունում կարևոր է իրականության ադեկվատ ընկալումը և սառը դատողությունը
24.01.22 | 23:56
Նախորդ գրառումս (Թուրքական վտանգը դամոկլյան սրի պես կրկին կախվեց Սյունիքի գլխին) փակեցի սեղմ և անհասկանալի լինելու պատճառով:
Ֆրագմենտացված (բազմաբևեռ) աշխարհն արդեն իրականություն է դառնում: Հիմնական կմախքը հավաքվել է, բևեռները երեքն են՝Ռուսաստան,ԱՄՆ և Չինաստան:
Մինչ միս ու արյուն ստանալը այս գործընթացն ուղեկցվելու է քաղաքական, ռազմական, ինֆորմացիոն, սոցիալ-տնտեսական կամ ավելի հայտնի տերմինով՝ հիբրիդային բնույթի գործողություններով: Գործողությունները հիմնականում ծավալվելու են բազմաբևեռ աշխարհի գլխավոր ճարտարապետի՝ Ռուսաստանի ազդեցության գոտիներում անգլոսաքսոնական աշխարհի՝ բազմաբևեռ աշխարհի գլխավոր թշնամու կողմից:
Նոր իրողությունում կարևոր է իրականության ադեկվատ ընկալումը և սառը դատողությունը:
Նոր աշխարհակարգում լինելու են երեք տեսակ պետություններ՝ գերտերություններ(ՌԴ, ՉԺՀ, ԱՄՆ), գերտերության ձգտող պետություններ կամ ռեգիոնալ արբիտրներ(Իրան, Թուրքիա, Պակիստան, Հնդկաստան) և ազգ-պետություններ(Հայաստան, Հունաստան և այլն), որոնք սեպ են հանդիսանալու վերջիններիս դեմ:
Այս պրոցեսի հետևանքով էին գունավոր հեղափոխությունները հետխորհրդային տարածքներում, Արցախյան երկրորդ պատերազմը, ուկրաինական խորացող ճգնաժամը, ղազախական դեպքերը, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը Լոնդոնից և դրան հաջորդած թուրքասեր նախկին յուրայինների հիստերիան, որպես նավը լքողի:
Ուկրաինական շատ արագ զարգացող պրոցեսներին համահունչ՝ իրավիճակը լարվելու է ՌԴ հաջորդ կարևորագույն ազդեցության գոտում՝ Հարավային Կովկասում, որտեղ միակ պատնեշը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի էսքսպանսիային դեպի Միջին Ասիա մնացել է Սյունիքը, իսկ Թուրքիայի հայտնվելը Միջին Ասիա բացառելու է ՌԴ-ի գերտերություն կարգավիճակը:
Ուկրաինական պրոցեսների ընթացքով պայմանավորված՝ թուրք-ադրբեջանական տանդեմը և ՀՀ-ում նրանց կամակատարները փորձելու են հարցը լուծել ռազմական ճանապարհով, ինչի փորձը ձեռք է բերվել Արցախյան երկրորդ պատերազմում: Այս հավանական սցենարին հակազդելու է կամ հայ-ռուսական տանդեմը, կամ միայն ռուսական՝ կախված նրանից, թե ՀՀ ներքաղաքականում ինչ առանցքային փոփոխություններ կլինեն:
2018-ի թվականի մայիսից ՀՀ-ում միակ օրակարգը կոլաբորացիոնիստական ուժերի դեմ ազգային ազատագրական պայքար ծավալելն է, ժամ առաջ: